Երեւանի ավագանին իր այսօրվա՝ փետրվարի 9-ի նիստում հաստատեց Երեւանի քաղաքապետարանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2018 թվականի հունիսի 8-ին կնքված «Երեւանի էներգաարդյունավետության» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Երեւանի քաղաքապետարանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի Էներգաարդյունավետության» ծրագրի շրջանակներում 2017թ.-ի դեկտեմբերի 1-ին կնքվել է Ֆինանսական պայմանագիր։ Նշված ֆինանսական պայմանագիրը հաստատվել է Երեւան քաղաքի ավագանու կողմից 2017թ.-ի դեկտեմբերի 26-ին։

«Երեւանի էներգաարդյունավետության» ծրագրի իրականացման անհրաժեշտությունից ելնելով Երեւանի քաղաքապետարանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2018 թվականի հունիսի 8-ին կնքվել է 5 մլն եվրո գումարի դրամաշնորհային համաձայնագիրը։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում, մասնավորապես մանկապարտեզներում, իրականացնել էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ, որոնց արդյունքում կկրճատվեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ֆինանսական ծախսերը, ինչպես նաեւ տեղի կունենա արտանետվող CO2 գազի նվազեցում։

Ծրագրի առաջին փուլով ընտրվել են 28 մանկապարտեզներ, որոնց համար իրականացվել են սեյսմիկ աուդիտ եւ էներգաաուդիտ։

Համաձայն ֆինանսական պայմանագրի, յուրաքանչյուր հատկացման 70%-ի չափով Երեւանի քաղաքապետարանը կարող է ներգրավել դրամաշնորհային միջոցներ։ «Երեւանի Էներգաարդյունավետության» ծրագրի շրջանակներում 2017թ.-ի դեկտեմբերի 01-ին կնքված 7 մլն եվրո գումարի ֆինանսական պայմանագրի շրջանակներում ս.թ.-ի նոյեմբերի 6-ին իրականացվել է առաջին 350 000 եվրոյի հատկացումը եւ դրամաշնորհային հատկացումը ստանալու նպատակով անհրաժեշտ է Համաձայնագրի հաստատումը։

Համաձայնագիրը Երեւան քաղաքի ավագանու որոշմամբ հաստատվելու դեպքում հնարավոր կլինի դիմել Եվրոպական ներդրումային բանկին՝ դրամաշնորհային միջոցների ներգրավման համար։

Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ ընդհանուր ծրագրի արժեքը կազմել է 15 մլն եվրո: 7 մլն եվրո հատկացրել է Եվրոպական ներդրումային բանկը, 2 մլն եվրո՝ քաղաքապետարանը, 5 մլն եվրո դրամաշնորհն է եւ Կանաչ կլիմայի հիմնադրամի դրամաշնորհների հաշվին մեկ մլն եվրո: Նրա խոսքով, դրամաշնորհ ստանալու համար անհրաժեշտ է Երեւանի ավագանու հավանությունը:

Փոխքաղաքապետը նշեց, որ այս ծրագրով նախատեսված է հիմնանորոգել 15 մանկապարտեզ, որից 3-ի դեպքում կառուցվելու է նոր մանկապարտեզ: Այս տարվա ընթացքում աշխատանքները կսկսվեն, բայց տարվա վերջին դեռ ավարտված չեն լինի: «2020-ին 11 մանկապարտեզի կապիտալ վերանորոգում ենք իրականացրել համայնքային միջոցների հաշվին: Նրանցից 9-ը շահագործման է հանձնված, մյուս երկուսը մոտակա օրերին շահագործման կհանձնվի»: