Մենք հանրությունից ստացել ենք՝ «հրաժարական չտաք» արձագանքը և հանրության միակ պահանջն է անել այն,ինչ չենք արել 2,5 տարվա մեջ: Այս մասին Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով իշխանությունների հրաժարականի վերաբերյալ հնչող հարցերին:

«Ոչ ֆեյքային, իրական հասարակությունը այլ օրակարգ, սպասումներ ունի իշխանությունից՝           կայունության սպասումներ»,-ասաց նա: Օգտատերերից մեկի հարցին, թե արդյոք այս անվտանգային պայմաններում կապրե՞ր Սյունիքում կամ Արցախում, Սուրեն Պապիկյանը նշեց.«Իհարկե կապրեմ թե՛ Արցախում, թե՛ Սյունիքում, հասկանում եմ նաև թե ինչ մարտահրավերներ կան, բայց ամեն կերպ դա կապել մեր իշխանության հետ, ես դրա հետ համաձայն չեմ: Այո, այն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել մեր օրոք, բայց խնդրի տրամաբանական շարունակությանը և այսօրվա իրողությանը պետք է նայել երկարաժամկետ ու պատճառահետևանքային կապերով»,-ասաց նա:

Անդրադառնալով Կապանի օդանավակայանի վերաբերյալ  հարցին՝ նա ասաց, որ այս պահին գործում է միջգերատեսչական հանձնաժողով, ովքեր զբաղվում են՝ հասկանալու համար, թե ինչ ժամկետներով և ինչ ձևով պետք է իրականացվի օդանավակայանի շահագործումը, որպեսզի այն լինի անվտանգ: «Որպես այդպիսին մեծ վտանգ չեմ տեսնում»,-ասաց նա:

Պատասխանելով ամեն ինչում նախկիններին մեղադրելու մասին հարցին՝ նախարարը նշեց.«Ես չեմ ժխտում, որ այն, ինչ տեղի է ունեցել մեր օրոք, մեր պատասխանատվությունն է, իհարկե մեր պատասխանատվությունն է, բայց նաև չեմ ուզում պատասխանատվությունը դնել միայն մեր իշխանության վրա, որովհետև դա այդպես չէ, արդար չէ »,-ասաց նա: