Իվետա Տոնոյանը ցավով է արձանագրում, որ իշխանությունները տեղի ունեցող թե՛ ողբերգության, թե՛ կորուստների, թե՛ ներքաղաքական օրակարգում հասունացած ճգնաժամի պայմաններում, իրենց պատասխանատվությունը և մեղավորությունը գիտակցելու փոխարեն, փորձում են մեղավորներ փնտրել ու գտնել՝ բնականաբար, սլաքներն ուղղելով ընդդիմության կողմը։

Պատգամավորը, իր իսկ խոսքով, կարող է մտածել կամ հավատալ, որ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը, «Իմ քայլը» խմբակցությունը հիշողության հետ կապված խնդիրներ ունեն և պարզապես չեն հիշում, թե ինչ է խոսվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ կապված, ինչ հայտարարություններ են հնչել հարցի շուրջ, ուստի կարող է թարմացնել նրանց հիշողությունները։

Օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը նշել է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ կարող են անցկացվել բացառապես Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և անգամ նրա ժամանակավոր պաշտոնակատար չլինելու պարագայում, որովհետև Փաշինյանի գլխավորությամբ անցկացվելիք ընտրությունների դեպքում իրենք ունեն շատ լուրջ վերապահումներ և կասկածներ։

Տոնոյանը շեշտեց՝ եթե իշխող թիմի ներկայացուցիչները չունեն բավարար չափով ազնվություն, որ խոստովանեն՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ հրաժարական տալու, պատրաստ չէ զրկվելու կառավարության ղեկավարի համար սահմանված բոլոր բարիքներից, պատրաստ չէ հրաժարվելու կառավարական առանձնատանը բնակվելու բերկրանքից, ապա թող չփորձեն ընդդիմությանը մեղավոր կարգել, քանի որ ընդդիմադիր երկու խմբակցությունները արտահայտել են իրենց դիրքորոշումները՝ ընդգծելով, որ թիվ մեկ նախապայմանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։

ԲՀԿ-ականի խոսքով՝ իրենք արդեն հայտարարել են, որ այս իշխանությունները վաղուց սպառել են իրենց լեգիտիմության պաշարները, որ այս վարչախումբը պետք է հեռանա, պետք է ձևավորվի նոր, անցումային կառավարություն, խելամիտ ժամկետներում արտահերթ ընտրություններ պետք է անցկացվեն, նաև պետք է նախանշվեն քայլեր, որոնք կարող են «մեր երկրի կոտրված ողնաշարը շտկել»։ Տոնոյանի կարծիքով՝ այսօր որևէ քաղաքական ուժ, քաղաքական անհատ ի զորու չէ միանձնյա հետպատերազմյան իրավիճակը շտկել։