Դատարանը դռնփակ նիստում քննում է Արթուր Ավագյանի վերաբերյալ միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, անցել է դռնփակ նիստի։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն է ներկայացրել Արթուր Ավագյանի վերաբերյալ և խնդրել, որ այն քննվի դռնփակ նիստի ընթացքում։

14:45

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կնքել իրեն պատկանող կալանադրված գույքի նկատմամբ ցանկացած պայմանագրեր, որոնք չեն կարող հանգեցնել գույքի օտարմանը։
Դիմումը ներկայացնելիս՝ պաշտպան Խուդոյանը նշեց, որ խոսքը գնում է կոմունալ ծառայությունների և գույքի անհատույց օգտագործման հանձնելու վերաբերյալ պայմանագրերին։ Խուդոյանն ընդգծեց, որ նշված տեսակի գործարքներով անշարժ գույքի օտարումը ռիսկի տակ չի դրվում։
Մեղադրող կողմը չառարկեց․ «Եթե խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին պետության կողմից տրամադրված տանը և հարակից տարածքին, ապա դրա հետ կապված առարկություն չկա»

14:30

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակեց այսօր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Նիստի սկզբից դատավորը հայտնեց, որ դեռևս 2019 թվականին հոկտեմբերի 4-ին դատարան է ստացվել գործով վկա Բաբկեն Մկրտչյանի պաշտպան Զորայր Հարությունյանի դիմումը՝ Մկրտչյանին տուժող ճանաչելու վերաբերյալ։

Պաշտպանը հայտնեց, որ 2008 թ․ մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով ներքին զորքերի ծառայող Բաբկեն Մկրտչյանն ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով հիմա հաշմանդամության երրորդ կարգ ունի։ Հայտնի է նաև, որ մարտի 1-ի մայր գործից անջատված մասով Մկրտչյանն ունի տուժողի կարգավիճակ։

Մեղադրող կողմը ներկայացնող դատախազները չառարկեցին։ Պաշտպանական կողմը նույնպես չառարկեց, սակայն հիշեցրեց, որ սույն գործով տուժող չի կարող լինել։ «Սույն գործով տուժող չի կարող լինել, բայց եթե որևէ մեկն ունի տուժողի դատավարական կարգավիճակ, ապա պաշտպանները չեն առարկում դրա դեմ», — ասաց պաշտպան Արամ Օրբելյանը։

Պաշտպան Խուդոյանը նշեց, որ նման իրավիճակում պետք է փաստել, որ արդեն 1․5 տարի է խախտված են տվյալ անձի իրավունքները։ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ընդգծեց, որ սույն գործը չի վերաբերում սպանությունների կամ մարմնական վնասվածք հասցնելու փաստերին, հետևաբար գործով տուժող չի կարաղ լինել։

Լսելով կողմերին՝ դատարանը գտավ, որ դատավարության այս փուլում հնարավոր չէ լուծել միջնորդությունը, քանի որ սույն գործով Մկրտչյանը դատակոչված է որպես վկա և պետք է ցուցմունք տա։ Դատարանը հետաձգեց միջնորդության լուծումը, քանի որ դրա համար անհրաժեշտ է անդրադառնալ գործի փաստական հանգամանքներին։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։ Նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը։