Մենք ոնց հրաժարվենք մի բանից, որի կրողը չենք, ուզում եմ հասկանալ: Այս մասին ԱԺ հերթական նիստին Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության ժամանակ ասաց իմքայլական պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ պատասխանելով  ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանին: Նրա խոսքով՝ ոչ ոք չի խոսում կցորդ դատավորների մասին:

«Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք դրա պատասխանն ունեք ու հիմա ջանք ու եռանդ չեք խնայում, որ մեզ այդ հարցը վերագրեք, որպեսզի այդ հարցին պատասխանենք: Մենք դա չենք ասում, խնդրում եմ լսեք, թե մենք ինչ ենք ասում: Ասում ենք, հասկանում ենք, որ գործող դատավորը սահմանափակված է կոնկրետ գործերով, կամ անգամ երբ հարցը թեկուզ վերացական է ձևակերպվում, բայց պարզ է, որ կոնկրետ այդ գործի անալոգը կա, բոլորին հայտնի կարծիք արտահայտի»,- ասաց Սուրեն Գրիգորյանը:

Նա նկատեց՝ եթե դատավորը կամ դատավորի թեկնածուն խոսում է մարդու իրավունքներից և այդ արժեքներից, ապա դա կարո՞ղ է իր մոտ կաշկանդվածություն առաջացնել: «Քրեական դատավարության շրջանակում, երբ դու արդարացված դատական ակտ ես կայացնում և դատապարտում ես մարդուն, դու պաշտպանում ես մարդու իրավունքներն ի դեմս տուժողի, կամ հակառակը: Եթե դատապարտում ես մարդուն անարդարացիորեն, ապա խախտում ես իր իրավունքները: Այսինքն դատավորը արդարացված դատական ակտ կայացնելու պարագայում տեսականորեն տարբերակ չունի չպաշտպանի մարդու իրավունքները: Հետևաբար կարող է շատ հանգիստ, շատ երկար և շատ խորը խոսել մարդու իրավունքներից: Խնդրում եմ, դադարեցրեք այս լսարանը ԵՊՀ-ի դասախոսական լսարանի հետ խառնել, վաղուց հայտնի պարզ ճշմարտությունները մենք սովորել ենք, քննությունն էլ ստացել ենք, պետք չի մեզ լեկցիան 10-րդ անգամ կարդալ»,-ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում