Գերմանիայի Լյուբեկ քաղաքում դատախազությունը գործ է հարուցել բժշիշկ եւ գործարար Վինֆրիդ Շտյոկերի դեմ՝ կապված COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու նրա փորձերի հետ: 74-ամյա Շտյոկերը կասկածվում է դեղամիջոցների մասին օրենքը խախտելու մեջ, գերմանական MDR Sachsen մեդիաընկերությանը հայտնել է դատախազության ներկայացուցիչը:

Հետաքննության տվյալներով՝ 2020-ի գարնանը պրոֆեսոր եւ բժշկական գիտությունների դոկտորը, որը Լյուբեկում լաբորատորիա ունի, մշակել է կորոնավիրուսի դեմ հնարավոր պատվաստանյութ եւ փորձարկել դրա ազդեցությունը իր եւ այլ մարդկանց վրա՝ չունենալով համապատասխան թույլտվություն: Մասնավորապես, մարտին եւ ապրիլին Շտյոկերը, իր իսկ հայտարարության համաձայն, թմրանյութը չորս անգամ ներարկել է ազդրի մկանի մեջ, հայտնում է DW-ն:

Der Spiegel ամսագրի եւ այլ լրատվամիջոցների համաձայն՝ Շտյոկերը թմրանյութը փորձարկել է նաեւ իր կնոջ եւ երեխաների եւ 65 այլ կամավորների վրա: Ըստ նրա՝ ոչ մի կողմնակի ազդեցություն, բացառությամբ ներարկման տեղում մի փոքր գրգռման եւ ցավի, չի առաջացել, եւ բոլորի մոտ էլ հակամարմիններ են հայտնվել: Սեպտեմբերի սկզբին նա իր արդյունքների մասին հայտնել էր Պաուլ Էրլիխի անվան իմնստիտուտին (Das Paul-Ehrlich-Institut), որը Գերմանիայում պատասխանատու է այս ոլորտում պատվաստանյութերի գրանցման եւ մոնիթորինգի համար: Բժիշկը խնդրել էր ընդլայնել փորձարկումները` դեղամիջոցի արդյունավետությունը հաստատելու համար, սակայն ի պատասխան ինստիտուտը դիմել է դատախազություն:

Միեւնույն ժամանակ, Շտյոկերը օգնության խնդրանքով դիմել էր հայտնի իրավաբան եւ քաղաքական գործիչ Վոլֆգանգ Կուբիցկուն, ով 2018 թվականից զբաղեցնում էր Բունդեսթագի նախագահի տեղակալի պաշտոնը: Ազատ դեմոկրատական կուսակցության (FDP) ներկայացուցիչը հայտարարել է, որ Շտյոկերը դեղամիջոցի կլինիկական փորձարկումներ չի անցկացրել, այլ այն օգտագործել է ինքնաբուժման համար, ուստի թույլտվության կարիք չունի:

Շտյոկերը 1987թ. հիմնադրել է Euroimmun ընկերությունը, որը զբաղվում է աուտոիմունային եւ վարակիչ հիվանդությունների ճանաչման մեթոդների մշակմամբ: Այժմ այդ ընկերությունը ներկայացուցչություններ ունի 17 երկրներում: 2017 թվականին Շտյոկերը 1,2 միլիարդ եվրոյով Euroimmun-ը վաճառել է ամերիկյան կոնցեռնին: