Ապրեց հայրենիքի սիրով ու զոհվեց հանուն հայրենիքի։ Գնդապետ Հովհաննես Ավագյանը զինվորներին երբեք միայնակ չէր թողնում, խաղաղ ու պատերազմի ժամանակ մշտապես նրանց կողքին էր։ Եռաբլուրում էլ է ճիշտ այդպես․․․ գնդապետը՝ զինվորների կողքին է։ Նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում զոհված գնդապետ Ավագյանը Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալն էր։ Գնդապետը ՊԲ փոխհրամանատար էր նշանակվել 2020-ի հուլիսին։

Հենց այդ ժամանակ էլ ընտանիքով տեղափոխվել էին Արցախ։
Երեք դուստրերի հայրը ամբողջ կյանքը նվիրել էր բանակին ու բանակաշինությանը։ Սեփական աշխատանքին ու իր առջեւ դրված պարտականությունները սպային վայել խստությամբ էր կատարում, բայց հանգամանքը չէր խանգարում երբեք սիրվել զինվորական կազմի կողմից։ Գնդապետի ավագ դուստրը՝ Նելլի Ավագյանը հոր մասին անցյալով երբեք չի խոսում, ոչ միայն աննկարագրելի դժվար է, այլեւ՝ հոր ներկայությունը ընտանիքում միշտ զգում են։

Irakanum.am-ի հետ զրույցում Նելլին կիսվել է հոր հիշողություններով, ծնողից ստացած խորհուրդների մասին։ Զրուցել ենք նաեւ գնդապետի զինվորներից Վաչե Մարտիրոսյանի հետ։
Զրույցը տեղի է ունեցել Եռաբլուր զինվորական պանթեոնում, ուր հարյուրավոր քաջորդիների կողքին ամփոփված է գնդապետ Ավագյանի մարմինը։ Շիրիմին միշտ թարմ ծաղիկներ են դրված, գեղեցիկ ու գունավոր, ճիշտ այնպես՝ ինչպես սիրում էր կյանքը գնդապետ Հովհաննես Ավագյանը։

Տեսանյութն՝ առանց մեկնաբանության։

Փայլակ Ֆահրադյան