4 տարի, 8 ամիս, 19 օր. սա այն ժամանակն է, որի ավարտից հետո Ադրբեջանի ղեկավարը կարող է այն տխրահռչակ հայտարարության հիման վրա պահանջել ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերումը Արցախից։ Սա նաև այն ժամանակն է, որ մենք պետք է օգտագործենք, որպեսզի պատրաստ լինենք նման հավանական զարգացմանը, խորհրդարանում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը։

«Ուզում եմ հասկանալ՝ մեր օգտագործվող ժամանակահատվածն արդյոք արդյունավետ տիրապետում ենք, թե ոչ», — դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ ասաց Սիմոնյանը։

Նա նշեց, թե ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկված է 16 հարց, որոնցից, սակայն, որևէ մեկն ադեկվատ չէ երկրի առջև կանգնած մարտահրավերներին՝ այս ժամանակային համատեքստում։

«Արդյո՞ք համաչափ են մեր քննարկած հարցերն այն կոնկրետ մարտահրավերին, որ մեր առջև կանգնած է», — հարցրեց Տարոն Սիմոնյանը։

Արձագանքելով նրան՝ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանն ասաց, թե իսկապես շատ մեծ մարտահրավերներ կան, որոնց պետք է ադեկվատ արձագանքել։

«Դրանով զբաղվում են ՀՀ զանազան ինստիտուտներ։ Այո՛, ԱԺ-ն զանազան գործընթացներում իր դերակատարումը ևս ունի, բայց ԱԺ-ի այլ՝ առօրյա պարտականությունները ոչ ոք անվավեր չի ճանաչել և չի էլ կարող։ Մենք ունենք նաև բազմազան այլ խնդիրներ մեր առջև կանգնած, մենք չենք կարող զբաղվել միայն մեկ հարցով», — ասաց Արարատ Միրզոյանը։