Պատերազմից հետո Արցախ վերադարձողների, տեղահանվածների, նրանց սոցիալական խնդիրների, իրականացվող հումանիտար ծրագրերի, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության աջակցության և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի հետ։ Այս մասին գրում է Hetq.am-ը։
Առաջիկայում հազարավոր տներ կառուցելու ծրագրերը կմեկնարկեն, կվերակառուցվեն նաև եղած կիսավեր տները, որոնք երկար ժամանակ չեն բնակեցվել։ Քաղաքներում բնակված և տեղահանված անձանց մեծ մասը ցանկանում է վերաբնակեցվել Ստեփանակերտում, բայց Արցախի իշխանությունները խրախուսում են շրջաններում մարդկանց վերաբնակեցումը։
Մեծածավալ շինարարության համար ֆինանսական միջոցների և աշխատուժի խնդիր կա Արցախում։ Արտակ Բեգլարյանը կարծում է, որ պատերազմից երեք ամիս անց Արցախը պետք է մեծ շինհրապարակի վերածված լիներ, սակայն չեղավ։
«Գլխավոր խնդիրը ֆինանսական ռեսուրսների պակասն է կամ գրեթե բացակայությունը, քանի որ նոյեմբերից առ այսօր խոշոր ֆինանսական ռեսուրս չի ներգրավվել բնակարանաշինության ծրագրերում, որը պետք է առաջին հերթին լիներ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքած գումարներով։ Հիմնադրամում եղած ինչ-ինչ խնդիրներով ու դանդաղ բյուրոկրատիայով պայմանավորված՝ ֆինանսական ռեսուրսները չեն ուղղորդվել, հոսել Արցախ»,- նշեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարը։