Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության գերակշիռ մեծամասնությունը պահանջը չի ձևակերպել՝ գալով համաձայնության արտահերթ ընտրությունների շուրջ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը:

Հարցին, թե չե՞ք կարծում, որ գործընթացը փակուղի է մտնում, քանի որ ընդդիմությունը նշել է, որ վարչապետը պետք է հրաժարական տա, և արտահերթ ընտրություններ լինեն, և այս որոշումը կարող է ընդդիմության կողմից բերել թեժ գործողությունների, Մակունցը նշեց, որ իրենք նշել են, որ ընդդիմության կողմից իշխանափոխության պահանջը հնարավոր է իրականացնել բացառապես ընտրությունների միջոցով և առաջարկել ընտրություններ անցկացնելու տարբերակը քննարկել:

«Մեր հետագա անելիքների հետ կապված նշել ենք, որ մենք շարունակելու ենք ճանապարհային քարտեզի իրագործման աշխատանքները և ամփոփելիս նոր կանդրադառնանք արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանը: Ընդդիմությունը կազմակերպում է հանրահավաքներ, որոնց մասնակցում է մի քանի հազար քաղաքացի և իրենք գտնում են, որ բավարար պայման չէ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Մեր շփումները քաղաքացիների հետ չեն հաղորդում մեզ այդպիսի նման ազդակներ, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն, բայց դա չի նշանակում, որ հետագայում չենք անդրադառնալու արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանը՝ արդեն ճանապարհային քարտեզն ամփոփելիս»:

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն ընտրություններին մասնակցելու և հաղթելու վերաբերյալ ազդեցություն ունեցե՞լ է ձեր որոշման մեջ, որովհետև կարծիքներ կան, որ նրա մասնակցելու և հաղթելու հայտարարությունից հետո վախեցել է իշխող ուժը, Մակունցը նշեց, որ երեկվա նիստում Ռ. Քոչարյանի հայտարարությունը չի քննարկվել. «Մեր որոշումները որևէ կերպ վախենալու կոնտեքստում չի կարող լինել, որովհետև մեր կողմից է հնչել արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը»:

Հարցին, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պատերազմի օրերին պաշտոնական գրառումներից զատ, գրում էին սեփական մոտեցումները, օրինակ՝ ինձ մի բան հուշում է, որ ամեն ինչ լավ է լինելու, իրենց կողմից նման գրառում անելը նորմա՞լ է, որ հիմա նախագիծ է մշակվում անանուն աղբյուրների հետ կապված, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Նախագծի հեղինակ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ կան անանուն կայքեր, և չգիտենք որտեղից են ուղղորդվում ադրբեջանակա՞ն ուղղորդում ունեն, թե ոչ և եթե ձեզ չի անհանգստացնում ՀՀ տեղեկատվական և ընդհանրապես անվտանգությունը, մեզ անհանգստացնում է և դրանով փորձում ենք ապահովագրել նաև ձեզ»: