Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրառում է արել, որում ասվում է․

«Մենե, տեկել, ուփարսին*`ապագա

«Քաղքենու էությունը բարձրը` ցածրով, զգուշությունը՝ վախկոտությամբ, խնայողությունը՝ ագահությամբ, անկեղծությունը՝ կոպտությամբ, բարեկամությունը՝ փոխադարձ պատասխանատվությամբ, սերը՝ դավաճանությամբ փոխարինելն է»․ Ռոլան Բիկով

Հիշյալ մեջբերումը հիանալի նկարագրում է այն, ինչի մասին մենք խոսում էինք հեղափոխական եռերգության առաջին 2 մասերում․ արդարադատությունը փոխարինելով վրեժխնդրությամբ, ռազմական գեներալներին` հավատարիմներով, կորոնավիրուսի դեմ օղիով ու նրբունելիով պայքարելով, մեզ փաթաթված խաղաղասիրությունն ընդունելով և պարտությունը մոռանալով՝ մենք՝ Նիկոլի գլխավորությամբ, աղճատեցինք պետության բուն էությունը։ Փորձելով մոռանալ պարտությունը՝ մենք երաշխավորում ենք, որ Հայաստանի պարտությունների շարքը չի ընդհատվի այնքան ժամանակ, քանի դեռ ցավոտ դասեր չեն քաղվել։

Դժվար է խոսել դասերի մասին և դրան մենթորային երանգ չհաղորդել, հետևաբար, կխոսեմ այն դասերի մասին, որոնք ինքս եմ քաղել։

Առաջինը՝ նիկոլիզմի էության գիտակցումն է և նրա բոլոր դերակատարների դատապարտումը։ Մենք պետք է հասկանանք, որ նիկոլիզմի մեջ մեղավոր է հասարակությունը, այլ կերպ ասած՝ բոլորս։ Դենիկոլիզացիայի մասին ես, երևի, առանձին կգրեմ, բայց եթե կարճ՝ պետք է քաղաքական գնահատական տալ նիկոլականների՝ իշխանության շարունակվող բռնազավթմանն ուղղված բոլոր գործողություններին։ Այստեղ պետք է հասկանալ, որ կան մարդիկ, որոնք հանցագործություններ են կատարել և պետք է դատապարտվեն։ Կան մարդիկ, որոնք այդ ռեժիմի մաս են կազմել, բայց հանցագործություններ չեն կատարել․ պետք է արգելել նրանց մասնակցությունը քաղաքական և հասարակական կյանքին, ինչպես նաև թույլ չտալ պետական պաշտոններ զբաղեցնել։ Եվ կա ամենամեծ շերտը՝ հասարակությունը։ Հասարակությունը պետք է անցնի ինքնամաքրման ճանապարհով, հասկանա ատելության քայքայիչ լինելն ու արարման արժեքը: Եվ մշտապես հիշի այն նողկալի վիճակը, որից հաճույք էր ստանում վերջին երեք տարիներին։

Երկրորդ՝ մենք, որպես հասարակություն, ապացուցեցինք մեր կեղծավորությունը։ Մենք պատրաստ ենք ներել մերոնց բոլոր մեղքերը՝ ուրիշներին մեղադրելով մանրուքների համար։ Պետք է սովորենք չստել, չներել  հիմարներին, հաց չկիսել դավաճանների հետ, ներողամիտ չլինել շանտաժիստների նկատմամբ։

Երրորդ ՝ մենք բոլորս ուզում ենք ոչ թե լինել, այլ երևալ։ Ինտելեկտի, ազդեցության և ապահովվածության արտաքին դրսևորումները մեզ համար ավելի կարևոր են, քան բուն էությունը։ Ապագան, որտեղ ցանկանում ենք մուտք գործել «երկրորդ ձեռքի» «մերսեդես»-ով, կպարզվի «սեքընդ հենդ» է՝ ոչ շատ տեսանելի վայրերում «կարկատներով»։

Չորրորդ՝ մենք արժեզրկեցինք խոսքի և գործի պատասխանատվությունը։ Եվ դա, հավանաբար, ամենադժվարն է․ պատասխանատու լինել ձեր արարքների, խոսքերի համար և, ամենակարևորը, երազանքների համար: Ծեծված իմաստությունը հուշում է, որ դրանք նյութական են՝ թավայի մեջ շերեփի թակոցը, կարծես, տանում էր դեպի պայծառ ապագա, բայց փոխարենը տարավ դեպի Եռաբլուրի գերեզմանները։

Մենք մասշտաբներով աննախադեպ քաղքենության և հանցավոր անգրագիտության փառատոն ենք կազմակերպել։ Երեք տարի մենք խախտել ենք քաղաքակիրթ կյանքի պարզ և հիմնարար սկզբունքները, որոնք ձևակերպվել են դեռևս Լեռան քարոզներում։ Երեք տարի մենք ներողամիտ եղանք այն ամենի նկատմամբ, որի դեմ քրիստոնեական ավանդույթներով դաստիարակված մարդը պետք է պայքարի։ Երեք տարի մենք ազատ էինք մեր կոպտության մեջ։ Ինձ չի զարմացնում այն, որ մենք պատժվել ենք, դա օրինաչափ է, և վախենամ՝ արժանիորեն։ Եվ ես վախենում եմ, որ սա մեր վերջին տնային առաջադրանքն է։ Այն, որից հետո մենք՝ որպես էթնոս, որպես մեկ ամբողջություն, որպես մեր նախնիների գեների կրողներ և նրանց երկրի ժառանգներ, այլևս չենք լինի։

Մեր անգործությունը երաշխիքն է առ այն, որ դա տեղի կունենա։ Դասերը, որոնք մենք նախընտրում ենք անտեսել, մեր վերջին հնարավորությունն են: Մնում է միայն դրանք քամուն չտալ։

* Մենե, տեկել, ուփարսին՝ նշան, որն ուղարկվել է Բաբելոնի թագավոր Վալտասարին և վերծանվել է Հին Կտակարանի Դանիել մարգարեի կողմից. Ահա և բառերի իմաստը. Մենե՝ Աստված հաշվեց քո թագավորությունը և վերջ դրեց նրան, Տեկել՝ կշռված ես կշեռքի վրա և համարվել ես չափազանց թեթև, Ուփարսի՝ բաժանված է քո թագավորությունը և տրված է միդիացիներին և պարսիկներին: