Իսկ ո՞վ ասաց, որ մենք ինչ-որ բանից հետ ենք կանգնում, մենք արտահերթ ընտրությունների առաջարկն արել ենք, ես քննարկման ժամանակ պնդել եմ իմ տեսակետը, բայց խմբակցությունը, վարչությունը նման որոշում է կայացրել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ «Իմ քայլը» երեկ հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի արտահերթ ընտրություններ չեն լինելու, որովհետև այդ առաջարկը դրական արձագանք չի ստացել ընդդիմության կողմից և չկա նման ընտրությունների հանրային պահանջ:

«Մենք չենք կարող քաղաքական դաշտում միանձնյա բոլորին համզենք, որ եկեք գնանք ընտրությունների: Մենք առաջարկն արել ենք, ընդդիմությունը չի րձագանքում, իրարամերժ բաներից է խոսում, ինքն իրեն հակասում: ՀՀ քաղաքացիների հետ հանդիպումները, որոնք բազմաթիվ են, ցույց են տալիս, որ մարդիկ մեզ ասում են՝ մենք ձեզ ընտրել ենք, ավելի լավ է գնացեք գործ արեք, հետո պարզ կլինի»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Դիտարկմանը, որ ստացվում է, որ իշխանությունն ընտրություն էր անում ոչ թե հանրության համար, այլ որ դրան անպայման մասնակցեն ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԼՀԿ-ն եւ այլ ուժե՞ր, նա արձագանքեց. «Բա եթե ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չեն ներկայացնում հանրությանը, բա ո՞ւմ են ներկայացնում:Այսինքն իշխող ուժն ինքն իր համար պետք է ընտրություն անի՞: Եթե ԼՀԿ-ն մի կողմից ասում է արտահերթ ընտրություններին դեմ չէ, մյուս կողմից ասում է՝ ես եմ վարչպետը: ԲՀԿ-ն մեկ Վազգեն Մանուկյանին է վարչապետ ներկայացնում, մեկ այլ բան է ասում, մեկ 17-ի ֆորմատ են, մեկ 6-ի ֆորմատ են, մեկ գալիս է հանդիպման, բայց իր ասածն է կրկնում: Իշխանությունն ի՞նչ պետք է անի, պետք է շրջապտույտի մեջ ընկնի, սպասի տեսնի՝ իրենք ինչքան են մեզ այդ շրջապտույտի մեջ պահելո՞ւ:  Մենք ճանապարհային քարտեզ ենք ներկայացրել, հունիսից դա կամփոփենք, հետո պարզ կլինի: Այսինքն իշխանությունը որոշում է Հայաստանը մտցնել ընտրական փուլի մեջ այն պարագայում, երբ ընդդիմությունը դա չի ուզո՞ւմ: Այսինքն մենք արհեստականորեն գնում ենք, ասում ենք՝ եկեք մի հատ էլ ընտրություն անենք, տեսնենք, թե «Իմ քայլի» հմար ով է վարչապե՞տը: «Իմ քայլն» ունի վարչապետի թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանն է:

Մենք ընդդիմությանն ասել ենք՝ եկեք հուշագիր ստորագրենք, պետք է համոզե՞նք»: