ՀՀ քննչական կոմիտեում փետրվարի 8-ին տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Արձանագրվել է, որ Քննչական Կոմիտեի գործունեության վրա զգալի բացասական ներգործություն են ունեցել Covid-19 համավարակով պայմանավորված սահմանափակումները, ինչպես նաև՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմը, որին մասնակցություն է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի 180 ծառայող: Չնայած այս ամենին, 2020թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններն ու ստորաբաժանումներն աշխատել են գերծանրաբեռնված:
Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ և բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու որոշմամբ դատարան է ուղարկվել 3.637 քրեական գործ՝ 4.319 անձի նկատմամբ, (2019թ.՝ 3.261 քրեական գործ 4.016 անձի նկատմամբ), 7.433 քրեական գործի վարույթ կարճվել է:
«2020թ. նախաքննությունն ավարտված քրեական գործերով և ոչ արդարացման հիմքով մերժված նյութերով պետությանը պատճառված 2.790.056.050 ՀՀ դրամ գույքային վնասից նախաքննության փուլում վերականգնվել է 1.024.805.677 ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված 4.912.217.865 ՀՀ դրամ վնասից՝ 78.777.741 ՀՀ դրամը, ֆիզիկական անձանց պատճառված 1.805.644.081 ՀՀ դրամ վնասից՝ 634.227.058 ՀՀ դրամը:
Ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող և ավարտված հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերը:
Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում, Զինվորական քննչական գլխավոր վարչության և Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում առ այսօր հարուցվել է 82 քրեական գործ, որոնք հիմնականում միավորվել են մեկ վարույթում։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի կողմից նախաքննության առաջին իսկ օրերից Արցախի Հանրապետությունում իրականացվել և շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ նախաքննության որակը, քննության ժամկետները բարելավելու, Քննչական կոմիտեի առանձին ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
Ներկայացվել են նաև ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի կողմից կատարված աշխատանքները, վերլուծվել ձեռքբերումներն ու թերացումները: Նշվել է նաև, որ ՀՀ քննչական կոմիտեին 2020թ. ՀՀ պետական բյուջեով հատկացված (7,748 մլրդ դրամ) գումարից տարեվերջի կտրվածքով տնտեսվել է շուրջ 280 մլն դրամ, որն ուղղվել է ՀՀ պետական բյուջե:
ՀՀ քննչական Կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը դեպարտամենտի ղեկավարությանը ևս հանձնարարել է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ դեպարտամենտի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: