Շուշիում՝ նոյեմբերի 7-ին, երեք տեղից վիրավորում ստացած 20-ամյա զինծառայող, սերժանտ Կարեն Միրզոյանն ընկնելով հակառակորդի շրջափակման մեջ, այդպես էլ չստանալով օգնություն հրամանատարից, ընկերոջ՝ Նարեկի հետ ինքնասպան է եղել, որ գերի չընկնի։

Կարեն Միրզոյանը ծնունդով Ագարակ քաղաքից էր, ծնողների միակ որդին։

«Ըմբշամարտով էր զբաղվում, Հայաստանից դուրս մրցումների էր մասնակցում, մարզիչը միշտ ասում էր՝ խոստումնալից ապագա է սպասվում Կարենին։ Որոշել էր ծառայությունից հետո զբաղվել ըմբշամարտով։ Սովորում էր Ագրարային համալսարանում, առաջին կուրսի առաջին կիսամյակը միայն սովորեց ու մեկնեց ծառայության։ 2019 թվականի հունվարի 25-ին զորակոչվեց բանակ։ Ծառայում էր Ստեփանակերտում, հակատանկային դասակում էր։ Ամիսներ անց արդեն հասկացել էին իրենց սպայական կազմում, որ Կարենը շատ կազմակերպված էր, հետո սերժանտական դասերի էր մասնակցում։ Արդեն կոչումով սերժանտ էր։ Շատ նվիրված էր զինվորներին»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Կարենի քույրը՝ Ալիսա Միրզոյանը։

Ալիսան պատմեց, որ պատերազմից երկու առաջ՝ սեպտեմբերի 25-ին, խոսել են եղբոր հետ, ասել է՝ վիճակը լարված է, ամեն րոպե պատրաստ պետք է լինենք. «Սեպտեմբերի 27-ի առավոտյան լսեցինք լուրերը, տեղեկացանք, որ իրենց Ստեփանակերտի զորամասից հանել են, ապահով վայրում են։ Իրականում հայրիկին պատմել էր, որ իրենց տարել են Հադրութ, իրենք այնտեղի թեժ մարտերին են մասնակցել, մոտ 20-25 օր այնտեղ են մնացել»։

Քույրն ասաց, որ Հադրութի մարտերից հետո Կարենին տարել են Խոջալու, որ հանգստանան մի փոքր, այնտեղից էլ զանգել է ծնողներին. «Ուրախացած ասում էր՝ գիտեք, ընկերոջս սպանող թուրքին ես իմ ձեռքով սպանել եմ»։

Ալիսան պատմեց, որ հետո զինվորներին տարել են Քարինտակ, այնտեղի ռմբակոծությունների հետեւանքով եղբոր ականջի թմկաթաղանթը վնասվել էր. «Կարենն այնտեղ երեկոյան ժամի հեռադիտակով տեսել է, որ հակառակորդի մոտ 200 հոգանոց խումբն իրենց ուղղությամբ է շարժվում։ Քարինտակի ռմբակոծությունների հետեւանքով ականջի թմբկաթաղանթը վնասվել էր, լավ չէր լսում, բայց մեզ ասում էր՝ լավ եմ։ Զինվորներն անօգնական են եղել այդ օրերին։ Կարենենց դասակը զենք չի ունեցել, իրենց զենքերն ի սկզբանե մնացել են այլ վայրում, բայց հրամանատարությունն այդ մասին տեղեկացված չի էլ եղել։ Մեզ հրամանատարն ասում է՝ որ իմանայի, կասեի՝ իջեք»։

Այնուհետեւ նրանց տեղափոխում են Շուշի։ Վերջին անգամ Կարենի հետ ծնողները խոսել են նոյեմբերի 7-ին. այդ օրն էլ Կարենի կռվի վերջին օրն էր.

«Քարինտակի մարտերից հետո տանում են Շուշի, բայց մենք չգիտեինք, որ Կարենը Շուշիում է։ Կարենի հետ վերջին անգամ խոսել ենք նոյեմբերի 7-ին՝ առավոտյան 8։00-ի կողմերը։ Այդ զանգից հետո Կարենն անհասանելի դարձավ, ասաց՝ հետո կզանգեմ ու այդպես էլ չզանգեց։ Այդպես էլ լուր չունենալով՝ հաջորդ օրվանից սկսեցինք փնտրել Կարենին։ Մեզ նոյեմբերի 9-ին ասացին, որ վիրավոր է, այնինչ Կարենն արդեն մահացել էր։ Նոյեմբերի 7-ի ցերեկվանից արդեն բավականին լարված է եղել Շուշիում։ Իրենց սպան ինչ–որ պատրվակով դուրս է գալիս խրամատից ու այդպես էլ չի վերադառնում։ Զինվորները ստիպված բաժանվելով զույգերի՝ ցրվել են, որպեսզի փրկվեն։ Այնուհետեւ ընկնելով շրջափակման մեջ Կարենենց գերի ընկնելու կամ սպանվելու հավանականությունը մեծ է լինում։ Կարենն ու իր ընկերը՝ Նարեկը, ինքնասպան են լինում, որպեսզի գերի չընկնեն, կամ իրենց հակառակորդը չսպանի։ Մենք Կարենի դին գտել ենք նոյեմբերի 16-ին։ Կարենին չէին էլ կպել, ինչ գրպանում կար՝ մնացել էր, կոնֆետներն էին անգամ գրպանում։ Կարենը 3 տեղից վիրավոր էր, բայց մարտին էր մասնակցում։ Ոտքից վիրավորվել էր, ինքն իր ձեռքով կապել էր, աճուկային մասում վիրավորում ուներ ու կրծքավանդակի հատվածում։ Ընդհանուր եղել է 9 զինվոր, որից մեկը փրկվել է, երկուսն անհետ կորած են, մնացածը մահացել են»։

Քրոջ խոսքով՝ ծնողներին ասել են, թե Կարենը հակառակորդի կրակոցից է սպանվել, այնինչ իրենց որդին ինքնասպան է եղել, որ գերի չընկնի. «Կարենն ինքնասպան է եղել ծնոտի տակից կրակելով։ Եկել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները։ Սպան գիտեր Շուշիի վրա երկրորդ հարձակման մասին, այդ պատճառով էլ փախել էր։ Այս ամենի մեջ մեղավոր է եւ՛ սպան, եւ՛ իրենց հրամանատարը։ Այդ դեպքի առնչությամբ կա հարուցված քրեական գործ։ Սպան փախել ու փրկվել է՝ իր զինվորներին մենակ թողնելով։ Երբ հարցնում են՝ ինչո՞ւ այդպես վարվեցիր՝ կարկամում է։ Հրամանատարն էլ ասում է՝ ես չեմ իմացել։ Իրենց հրամանատար Արթուր Օհանյանը պատերազմի սկզբի օրերին վիրավորում էր ստացել, ըստ այդմ էլ նրանց հրամանատարին փոխել էին։ Նրանց հրամանատարը նշանակվել է Արտյոմ Առաքելյանը։ Սպան՝ Հայկ Գեւորգյանը, զինվորներին տեր չի կանգնել, չի օգնել»։