Սեյմասի (Լիտվայի խորհրդարան) Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամները հայտարարություն են արել, որով կոչ են անում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների ու պատանդների փոխանակումն ու նրանց վերադարձը Հայաստան:

Հայտարարությունում մասնավորապես ասված է.

«Մենք, Սեյմասում Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամներս,

Հղում անելով՝

ԵՄ բարձր ներկայացուցչի՝ ԵՄ անունից #ԼՂ վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 19-ի հայտարարությանը,

2020 թ. վերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու վերաբերյալ ստանձնած պարտավորությանը,

Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակի 2021 թ. հունվարի 29-ի կոչին,

Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովի 2021 թ. փետրվարի 1-ի հայտարարությանը,

ինչպես նաև հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարության 8-րդ կետը,

կոչ ենք անում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների, պատանդների փոխանակումն ու անհապաղ կասեցնել վերջիններիս նկատմամբ հարուցված քրեական գործերը և վերադարձնել Հայաստան:

Գերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձն Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության մթնոլորտի վերականգման առաջին քայլերից մեկը կլինի։

Կոչ ենք անում նաև Եվրոպական միության մարմիններին Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերությունների համատեքստում հետևողականորեն բարձրացնել մարդասիրական այս հարցը»։