Իսրայելի անվտանգության կաբինետը հավանություն է տվել ռազմաօդային ուժերի ամրապնդման ծրագրին, որի իրականացման համար Ամերիկայի Միացյալ Նահանգներից ընդհանուր առմամբ 9 միլիարդ դոլար արժողությամբ կործանիչներ և այլ ժամանակակից ռազմական տեխնիկա կմատակակարվի: Այս մասին հայտնում է Times of Israel-ը:

Ծրագիրը հրեական երկրի կողմից հաստատվել է 3 տարի ուշացումով:

Նշվում է՝ հարցի շուրջ քննարկումները, որոնց մասնակցել է նաև Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը, տևել են ավելի քան 7 ժամ:

Ռազմական սարքավորումների շարքում, որոնք Իսրայելը նախատեսում է գնել ԱՄՆ-ից, ներառված են «Չինուկ» ուղղաթիռներ, «Ֆ-35» և «Ֆ-16» կործանիչներ, ռումբեր և այլ ժամանակակից զենքեր:

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝  Իսրայելի ֆինանսների նախարարությունը դեմ է ծրագրին, քանի որ այն ֆինանսավորելու համար Թել Ավիվը ստիպված է լինելու վարկ վերցնել ամերիկյան բանկերից, որը կնշանակի Իսրայելին ԱՄՆ կողմից տրամադրվող տարեկան օգնության կրճատում:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն Իսրայելի ռազմական տեխնիկայի խոշորագույն մատակարարն է: 2018 թվականին երկիրը հայտարարել էր, որ 10 տարվա ընթացքում Իսրայելին կտրամադրի ընդհանուր առմամբ 38 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ ռազմական օգնություն: