Արցախի Պաշտպանության բանակում ծառայող զինվորների ծնողներն այսօր հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացրել Պաշտպանության նախարարության շենքի դիմաց, պահանջելով հանդիպում նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։

Հանրապետության տարբեր մարզերի շուրջ 200 ծնողներ, ավելի քան երեք ժամ սպասելուց հետո, նախարարությունից պատասխան են ստացել՝ Հարությունյանը զբաղված է։

Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց զինվորներից մեկի մայրը՝ Ջեյրան Կիրակոսյանը։ «Հավաքվել էինք, որպեսզի նախարարը ընդուներ ծնող կոմիտեին՝ մեր պահանջները լսելու համար։

Մեզ վատ ձեւով հետ ճանապարհեցին, ասելով, որ նախարարը ժամանակ չունի ձեր համար»,- ասաց զինվորի մայրը։ Հավաքվածների պահանջն այն է, որ իրենց որդիներն այլեւս չծառայեն Արցախում, կամ գոնե օգտվեն արձակուրդի իրավունքից։

«Մենք պահանջում ենք, որ մեր զինվորներին բերեն Հայաստան, կամ արձակուրդ տրամադրեն»,-ասաց զինվորի մայրը, հավելելով, որ կոնկրետ իր որդին բանակ զորակոչվել է 2019 թվականի դեկտեմբերին եւ արձակուրդ չի եկել։

Մայրը որդու միջոցով զորամասից է փորձել պարզաբանում ստանալ, որտեղից էլ ասել են՝ արձակուրդները «ստոպ» է տրված՝ նախ գնացողներից շատերը հրաժարվում են հետ վերադառնալ եւ հետո Արցախից զինվորների՝ համազգեստով դուրս գալն է խնդիր։

Ջեյրան Կիրակոսյանը հավելեց, որ բողոքի ակցիաները կշարունակեն։ ՊՆ-ի շենքի դիմաց ծնողներով կհավաքվեն չորեքշաբթի օրը։

 

Irakanum.am