Ես այդպես էլ մտածում էի, որ Նիկոլ Փաշինյանը չի գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Նա կգնար այդ քայլին, եթե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ու ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ձեռք բերեր հստակ պայմանավորվածություն, որը կարտահայտվեր համատեղ հուշագրով, որ իր հրաժարականից հետո ո՛չ «Բարգավաճ Հայաստանը», ո՛չ «Լուսավոր Հայաստանը» վարչապետի որևէ թեկնածու չեն առաջադրի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը»-ի հայտարարությանը, թե հասարակության լայն շերտերի շրջանում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ չկա։

«Ես վստահ եմ և գիտեմ, որ իր այդ առաջարկը մերժվել է, որովհետև նախապայմաններով ընտրությունների չեն գնում։ Եթե Նիկոլ Փաշինյանն այդքան վստահ է, որ ունի հանրային լայն աջակցություն, որովհետև ասում է՝ իր հրաժարականի հանրային պահանջ չկա, ապա կարող էր հրաժարական տալ, և այդ դեպքում կտեսնեինք՝ ինքն ունի՞ հանրային լայն աջակցություն, թե՞ ոչ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ  «Բարգավաճ Հայաստանը» որևէ պարագայում, որևէ ձևաչափով «նիկոլական» իշխանության հետ որևէ պայմանավորվածության չի գնալու։

Ըստ Զոհրաբյանի՝ իշխանությունն այս փուլում չէր գնա արտահերթ ընտրությունների մեկ այլ պատճառով ևս՝ էթիկապես դժվար է պատկերացնել քարոզարշավի անցկացում, երբ ամեն քաղաքում, համայնքում, փողոցում կան զոհվածներ, անհետ կորածներ, ռազմագերիներ։

«Ինչպե՞ս կարող էին Նիկոլն ու իր թիմը մտնել որևէ վայր ու խոսել թալանի, դղյակների, նախկինների ու «ախրանիկների» մասին։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսին կլինի, օրինակ, իր որդուն կորցրած մոր արձագանքը, եթե իշխանություններն սկսեն նորից խոսել իրենց նույն ուղերձներով, որոնցով եկան իշխանության․ զոհվածի մայրը Փաշինյանին ասելու է՝ «ինձ ո՛չ քո թալանի դեմ պայքարն է պետք, որն այդպես էլ չտեսա, ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարը, ինձ վերադարձրու իմ որդուն»»,- ասաց Զոհրաբյանը` հավելելով․ «Ես չեմ ողջունում բռնությունը, դրա կոչերը, բայց մենք տեսնում ենք, թե ինչպես են իմքայլականներին իրենց թաղամասերում վերաբերվում հենց իրենց հայրենակիցները»։

Պատգամավորի կարծիքով՝ եթե ընդդիմությունը թույլ տա, փողոցային պայքար չլինի, և հասարակությունը ոտքի չկանգնի, Փաշինյանն անելու է ամեն ինչ՝ մինչև 2023-ը ինքնասպանված խորհրդարանի կյանքը երկարաձգելու համար։

Ճշտող հարցին՝ ԲՀԿ-ն շարունակո՞ւմ է պահանջել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականն ու ժամանակավոր կառավարության ձևավորում, պատգամավորն արձագանքեց՝ միանշանակ այո։

«Մեր օրակարգում ոչինչ չի փոխվել, եթե մենք ուզում ենք՝ Հայաստանն ունենա զարգացում, ապագա, ապա Փաշինյանը պետք է հեռանա։ Նրա՝ ամեն օր իշխանության մնալը վտանգում է Հայաստանի պետականությունը, անհնար է դարձնում ռազմագերիների վերադարձը, անհնար է դարձնում Արցախի կարգավիճակի հարցով որևէ հնարավոր երկխոսություն։ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ եթե ուզում է ՝ մենք չկորցնենք մեր պետականությունը, երկիրը փորձի շտկել ողնաշարը, պետք է հեռանա։ Նա պետք է հեռանար նոյեմբերի 10-ին, բայց ամեն անգամ իր յուրաքանչյուր հայտարարությունից հետո ես հասկանում եմ, որ ուղղակի անիմաստ է ապավինել իր ողջամտությանը»,-ասաց նա։

Պատգամավորն ընդգծեց՝ մեկ րոպե անգամ չի կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է։ «Նա հեռանալու է, որովհետև հասարակության մեջ շատ պրկված նյարդ կա, հասարակության մտածող հատվածը, որին Նիկոլ Փաշինյանն իրավացիորեն անվանեց էլիտա, այս իրավիճակը չի հանդուրժելու։ Իսկ յուրաքանչյուր հասարակության շարժիչ ուժը էլիտան է, և եթե անգամ հակաէլիտան թվաքանակով շատ ավելին լինի, քան մտածող հատվածը, միևնույն է, որոշում կայացնողը լինելու է էլիտան։ Էլիտայի որոշմամբ և ժողովրդի ձայնով Նիկոլ Փաշինյանն անպայման հեռանալու է»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։