ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 22-ամյա աղջկան առեւանգելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։

Նախաքննությամբ պարզվել է, որ Գորիս համայնքի 30-ամյա բնակիչը իր եղբոր, մորեղբոր որդու եւ երկու ընկերների հետ նախապես պայմանավորվելով ամուսնության նպատակով առեւանգել Գորիս քաղաքի 22-ամյա բնակչուհուն, 2021թ. հունվարի 13-ին` ժամը 09:30-ի սահմաններում, տեղեկանալով աղջկա քաղաքի կենտրոնական հատված մեկնելու մասին, վերոհիշյալ անձանց հետ գնացել են Գ.Աշոտի փողոցում գտնվող «Զառա» խանութ-սրահի մոտ եւ սպասել աղջկա ժամանելուն: Այդ ընթացքում նրանց է միացել 1990թ. ծնված նույն համայնքի եւս մեկ բնակիչ, որն իր վարած «LEXUS» մակնիշի ավտոմեքենայով վերոհիշյալ անձանց հետ սպասել է նշված վայրում:

Ժամը 10:15-ի սահմաններում տղաները նկատելով 22-ամյա աղջկան, նրա կամքին հակառակ, բռնություն գործադրելով, բացահայտ առեւանգել են վերջինիս եւ 30-ամյա տղայի եղբոր վարած «INFINITI» մակնիշի ավտոմեքենայով նրան տեղափոխել են Արարատի մարզի Հայանիստ բնակավայր:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Գորիս համայնքի 30-ամյա բնակչին եւ մասնակից 4 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առեւանգելը) 2-րդ մասի 1-ին կետով, իսկ 1990թ. ծնված նույն համայնքի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի (մարդու առեւանգման օժանդակելը) 2-րդ մասի 1-ին կետով:

Կատարվել են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ, այդ թվում դեպքի վայրի եւ տրանսպորտային միջոցների զննություններ, 22-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է։