ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման վարույթ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում ստեղծված վիճակի առնչությամբ՝ կապված տնօրենի ընտրության գործընթացի ու կրթական իրավունքի վրա դրա ազդեցության հետ:

2021 թվականի փետրվարի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի դիտարկմամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է տեղեկություններ այն մասին, որ  Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի ուսուցիչները հայտարարել են գործադուլ, իսկ աշակերտները՝ դասադուլ:

Դիտարկման արդյունքները վկայում են, որ խոսքը վերաբերում է տնօրենի ոչ իրավաչափ կամ ոչ արդարացի սկզբունքով ընտրվելու մասին պնդումներին: Դրանից բացի, ստացվել է այնպես, որ դպրոցում խաթարված է դասերի բնականոն ընթացքը: Ավելին, դիտարկվել է նաև ոստիկանների ուղեկցությամբ տնօրենի դպրոց գալու դեպքերը:

Ուստի, հաշվի առնելով վերը շարադրված տվյալները՝ Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ նախաձեռնվել է վարույթ և պարզաբանումներ են պահանջվել ԿԳՄՍ նախարարությունից և Ոստիկանությունից:

Նշենք, որ ավելի վաղ տեղի էր ունեցել դպրոցի տնօրենի ընտրություններ, որին մասնակցել էին երկու երկու թեկնածու, մեկը նախկին տնօրենը՝ Մետաքսյա Բաբայանը, մյուսը՝ Աբովյան քաղաքի 10–րդ հիմնական դպրոցի Հայոց լեզվի ուսուցչուհին։ Մրցույթի արդյունքներով հաղթող չէր ճանաչվել, այդ իսկ պատճառով էլ դպրոցի տնօրենին նշանակել է ԿԳՄՍ նախարարը եւ ընտրությունը կանգ է  առել Աբովյան քաղաքի 10–րդ հիմնական դպրոցի ուսուցչուհու վրա։

Դեռ նախորդ ամիս, դպրոցի անձնակազմն ու աշակերտները հավաքվել էինք ԿԳՄՍ շենքի դիմաց եւ պահանջում էին, որպեսզի նախարարը Աբովյան քաղաքի 10–րդ հիմնական դպրոցի Հայոց լեզվի ուսուցչուհուն չնշանակի դպրոցի տնօրեն։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նորանշանակ  տնօրենը Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի շրջապատից է։ Վերջինս պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունը:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ Աբովյանի N1 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն փետրվարի 5-ից գործադուլ եւ դասադուլ են կազմակերպել՝ բողոքելով նոր տնօրենի նշանակման դեմ: