SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   երեկ՝ փետրվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը  23:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում գործող «Ծիրանի այգի» ռեստորանային համալիրում ծեծկռտուք է տեղի ունենում: Որոշ ժամանակ անց թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվում, որ  բժիշկների հերթապահ խումբը «մարմնի բազմակի կտրած-ծակած վերքեր, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  «Ծիրանի այգի» ռեստորանային  համալիր են մեկնել  ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Զոհրաբյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Սարո Ռուստամյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սահակ Գրիգորյանի, նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սերոժ Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի  գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ  մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ,  23-ամյա Թաթուլ Մարտիրոսյանն էր:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին   ոստիկանության փորձաքրեագիտական վարչության  փորձաքրեագետները, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրում մարմնական վնասվածք  է ստացել նաև   Հրազդան քաղաքի բնակիչ, 22-ամյա Սահակ Կարապետանը:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության  աստիճանը, ժամանել է նաև   Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արթուր Մելիքյանը:

Փաստի առթիվ Կոտայքի մարզային  քննչական վարչության պետ Ս. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ մարզային քննչական վարչության և  Կոտայքի քննչական բաժնի քննիչների գլխավորությամբ:

Քննչական խումբը ղեկավարում են Ս. Ավագյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Հայկ Հակոբյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  ոստիկաններն ու քննիչները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, գիտեն նաև սպանություն կատարողի ինքնությունը  և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կատարողին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: