Ռուսաստանից անօրինական ակցիաներին մասնակցած Գերմանիայից, Շվեդիայից եւ Լեհաստանից դիվանագետներին վտարելը միջոց էր, որի կիրառմանը Ռուսաստանին ստիպել են արեւմտյան երկրները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ուրբաթ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Ռուսաստանում Շվեդիայի, Լեհաստանի եւ Գերմանիայի՝ չարտոնագրված ակցիաներին մասնակցած դիվանագետները հայտարարվել են որպես պերսոնա նոն գրատա եւ առաջիկայում կլքեն երկիրը: Խոսքը վերաբերում է Սանկտ Պետերբուրգում Շվեդիայի եւ Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունների եւ Մոսկվայում ԳԴՀ դեսպանատան դիվանագիտական աշխատակիցներին:

«Ցավոք, ստիպված էինք դիմել այդ քայլին՝ վտարել Եվրամիության երեք երկրներից դիվանագետներին, որոնք մասնակցել են չարտոնագրված, հետեւաբար, անօրինական միջոցառումներին»,-ասել է Զախարովան «Ռոսսիա» հեռուստաալիքի եթերում:

Հունվարի 23-ին չարտոնված բողոքի ցույցեր էին ընթացել Ռուսաստանի տարբեր քաղաքներում եւ շարունակվել հունվարի 31-ին ու փետրվարի 2-ին, չնայած իշխանությունների բազմաթիվ նախազգուշացումներին, այդ թվում՝ կորոնավիրուսով վարակվելու վտանգի մասին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այս միջոցառումների կազմակերպիչներին սադրիչներ էր անվանել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ բոլորը կարծիք հայտնելու իրավունք ունեն, բայց «այն ամենը, ինչը դուրս է գալիս օրենքի շրջանակից, ոչ թե ուղղակի հակաարդյունավետ է, այլ վտանգավոր»: