Mediaport թելեգրամյան ալիքը տեղեկություն էր տարածել այն մասին, որ երեկ կեսօրին Գյումրու «Պոլիգոն» կոչվող թաղամասում միջադեպ էր տեղի ունեցել այդ թաղի տղամարդկանց ու «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Կարեն Սարուխանյանի միջև։ Ըստ Mediaport-ի, պատգամավորը դուրս է եկել շինանյութի խանութից, թաղի տղամարդիկ էլ, տեսնելով նրան, հայհոյել են։ Եվ երբ պատգամավորը փորձել է հակադարձել, տղամարդիկ սկսել են հայհոյել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Թելեգրամյան ալիքի տեղեկացմամբ՝ Կարեն Սարուխանյանը նստել է մեքենան ու «փախել», իսկ նրա հետ լեզվակռի մեջ մտածները նախազգուշացրել են՝ այլևս չերևալ իրենց թաղում։ Պատգամավոր Կարեն Սարուխանյանը իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է ներկայացրել թեմայի շուրջ՝ այն որակելով  սուտ և խուհուրդ տվել  չանվանարկել իրեն, այլապես կհանդիպեն դատարանում։

Պատգամավորը հաստատել է այն տեղեկությունը, որն, ինքը երեկ իրոք, եղել է «Պոլիգոն» կոչվող թաղամասում գտնվող շինանյութի խանութներից մեկում։ Կարեն Սարուխանյանը մասնավորապես գրել է․ «Գրել են, որ իբր երեկ իմ և գյումրեցիների միջև ինչ-որ միջադեպ է եղել, որը լկտի սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Այո՛, երեկ ես եղել եմ «Պոլիգոն» կոչվող թաղամասում գտնվող շինանյութի խանութներից մեկում, որտեղից դուրս գալուց հանդիպել եմ ինձ ծանոթ մարդկանց մի խմբի, որոնց ջերմ բարևել եմ և շարունակել ենք մեր ջերմ զրույցը: Ասեմ ավելին՝ ծանոթներս ինձանից պահանջում էին, որ մեր քաղաքական թիմը կոշտ վերաբերմունք ցուցաբերի նախկին թալանչիների նկատմամբ ու վերջ տա թավիշին, ինչը ես խոստացա նրանց: Ահա ամբողջ եղելությունը: Խորհուրդ կտամ, որոշ լրատվական կայքեր կոչեցյալներին, որ չփորձեն այսուհետ ստահոդ լուրեր տարածել իմ անվան հետ կապված և պղտոր ջրում ձուկ չփորձել որսալ՝ հակառակ դեպքում կհանդիպենք դատարանում: Վերջում նշեմ նաև, որ գյումրեցին իմաստուն է և գիտի ում հետ ոնց է խոսում ու որ գյումրեցին, անկախ ամեն ինչից, այսօր կանգնած է մեր քաղաքական թիմի կողքին»: