Գամալեի անվան կենտրոնի մասնագետները փորձնական կստուգեն «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը կորոնավիրուսի տարբեր նոր շտամների դեմ: Այս մասին հայտարարել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը «Ռոսիա-1» հեռուստաալիքով «Շաբաթօրյա լուրեր» Սերգեյ Բրիլյովի հետ հաղորդման եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Խնդիր է դրված առաջիկայում փորձնական ստուգել «Սպուտնիկ V»-ով պատվաստված մարդկանցից ստացված շիճուկը այդ շտամների չեզոքացման գործում»,- ասել է գիտնականը:

Գինցբուրգն ավելի վաղ հայտնել էր, որ կենտրոնի գիտնականները զբաղվում են տեխնոլոգիայի մշակմամբ, որը թույլ կտա ինֆեկցիայի հարուցիչի գենոմում արագ փոփոխությունների դեպքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արագացված ստեղծում:

Դեկտեմբերի 21-ին ՀԱՀ իշխանությունները հայտարարել էին, որ երկրի հարավում աշնանը հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր ձեւ: Վիրուսը, որ ստացել էր 501Y.V2 կամ B1.351 մակնշում, երկրում առաջացրել էր համաճարակի երկրորդ ալիք, որի պիկը գրանցվել էր հունվարի կեսին: Նախնական հետազոտությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի այս տարատեսակը տարածվում է շատ մեծ արագությամբ: