Սերբիայի ՆԳ նախարար Ալեքսանդր Վուլինը ենթադրել է, որ խոշոր հանցավոր խմբավորման մոտ գտնված դիպուկահար հրացանը կարող էր նախատեսված լինել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ մահափորձի համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սերբիայի ոստիկանությունը եւ Անվտանգության ու տեղեկատվության գործակալությունը հինգշաբթի ձերբակալել էին խոշոր հանցավոր խմբավորման անդամների, որը, ենթադրաբար, համագործակցում է չեռնոգորյան մաֆիոզ կլանների հետ: Ցուցադրական խուզարկություններ են կատարվել նաեւ Բելգրադում «Պարտիզան» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում, որի երկրպագուների հետ են կապում խմբավորման պարագլուխներին: Ուրբաթ կասկածյալներին 22 ավտոմեքենայով ուժեղացված հսկողությամբ բերել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի դատախազության բաժանմունք: Երկրի ՆԳ նախարարը շաբաթ հայտնել է, որ խմբի անդամների մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է դիպուկահար հրացան՝ խլացուցիչով եւ փամփուշտներով:

«Չգիտեմ՝ այդպես է, թե ոչ, քննությամբ կպարզվեն պատճառները, բայց միակ մարդը, ում մահը կկանգնեցներ մաֆիայի դեմ պայքարը, կարող էր լինել Ալեքսանդր Վուչիչը: Միակ մարդը, ում սպանությունը կաթվածահար կաներ ամբողջ պետությունը եւ կհանգեցներ ծանր քաղաքական անկայունության, հավանաբար, կկանգնեցներ պայքարը մաֆիայի դեմ, Ալեքսանդր Վուչիչն է»,- հայտարարել է երկրի ՆԳ նախարարը TV Prva-ի եթերում: