Չինաստանում կարգավորիչները բնակչության բոլոր խմբերի մեջ օգտագործելու համար հաստատել են COVID-19 կորոնավիրուսի դեմ Sinovac ընկերության պատվաստանյութը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով տեղական եւ արեւմտյան ԶԼՄ-ներին:

CoronaVac պատվաստանյութը հաստատվել է արտասահմանում վերջերս կատարված կլինիկական փորձարկումների արդյունքների հիման վրա, չնայած փորձարկումների վերլուծության վերջնական տվյալները դեռ չեն ստացվել:

Պատվաստանյութը Չինաստանում նախկինում օգտագործվել է պատվաստման ծրագրում այն բնակիչների համար, ովքեր COVID-19-ով վարակվելու մեծ ռիսկի էին ենթարկված:

Բացի այդ, ՉԺՀ-ում արդեն օգտագործում են Sinopharm պետական ընկերության պատվաստանյութը, որը հաստատվել է նախորդ տարվա դեկտեմբերին: Այսպիսով, COVID-19 կորոնավիրուսի դեմ Sinovac-ի պատվաստանյութը Չինաստանում արտադրվող երկրորդ դեղամիջոցն է, որն արժանացել է կարգավորիչների հաստատմանը:

Արտակարգ իրավիճակներում այս պատվաստանյութի օգտագործմանը հավանություն են տվել նաեւ Ինդոնեզիան, Թուրքիան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Ուրուգվայը եւ Լաոսը։