Անհետ կորած զինծառայողների աճյունները դուրս են բերվում Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության շնորհիվ, հայկական կողմը որևէ բան չի արել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, անհետ կորած զինծառայողների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց անհետ կորած զինծառայողի հայր:

«Մի տղաս զոհվել է, մյուսն անհետ կորած է։ Ումի՞ց ուզեմ, հարց եմ տալիս վարչապետին, պաշտպանության նախարարին։ Երեխաները կռվել են, սպաներին են կոչում տալիս։ Երեխեքը հայրենիքի համար են կռվել։ Կռվի ժամանակ հայրենիքն իրենց է, խաղաղ ժամանակ ո՞չ։ Ոնց ուզում են թող մեր երեխեքին գտնեն։ Երեխաներիս միջև մեկ տարվա տարբերություն է։ Փոքր տղաս անգամ զինվորական երդում չէր հասցրել տալ։ Ռազմաճակատ են տարել առանց զենքի տիրապետելու։

Մեծ տղաս անհետ կորած է, փոքր տղաս էլ հոկտեմբերի 15-ին զոհվել էր։ Ո՞վ ինձ պետք է պատասխան տա, ո՞վ պետք է իմ ցավը բուժի։ Արդեն այն վիճակն է, որ ասում ենք մեր երեխեքին ամեն ձևով տվեք, միայն թե տվեք։ Հիմա էլ, որ դիակներ են դուրս բերում Արցախից, դա միայն Արցախի կառավարության և Արցախի ԱԻՆ-ի շնորհիվ է։ Մերոնք չկան, ոչինչ չեն անում»,- ասաց անհետ կորած զինծառայողի հայրը։