Փետրվարի 1-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողություն են արել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզեցին, որ բնակարանի դուռը բացել էին տեխնիկական միջոցների գործադրմամբ. գողացել էին բջջային հեռախոս, համակարգիչ, ոսկյա ու արծաթյա զարդեր:

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ, պարզեցին, որ գողությունը կատարել են 58 և 32 տարեկան երկու տղամարդ։ Փետրվարի 5-ին, ժամը 18.00-ին, նրանք հայտնաբերվեցին Ազատամարտիկների և Էրեբունու փողոցների խաչմերուկում և, «Հունդայի» մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին:

Տղամարդիկ ձերբակալվել են:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն։