Վիեննան ողջունում է Բեռլինի աջակցությունը «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցմանը եւ կոչ է անում այն չկապել Ալեքսեյ Նավալնու շուրջ իրավիճակի հետ: Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը շաբաթ հրապարակված գերմանական Welt am Sonntag պարբերականի հետ հարցազրույցում:

«Ես ողջունում եմ, որ Գերմանիայի կառավարությունը շարունակում է աջակցել «Հյուսիսային հոսք-2»-ին»,- ասել է նա: Կանցլերի խոսքով՝ գազատարի կառուցումը եվրոպական նախագիծ է, որը համապատասխանում է Եվրոպայի շահերին:

«Ես չեմ կարծում, որ ընդդիմադիր Նավալնու դեմ գործողություններին արձագանքը պետք է կապել «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման հետ: Նա, ով կարծում է, որ նոր խողովակաշարը համապատասխանում է միայն Ռուսաստանի շահերին, սխալվում է»,- շեշտել է Կուրցը:

Նա նշել է, որ գազատարի նախագծի իրականացումից շահում են Ավստրիան, Գերմանիան եւ եվրոպական մյուս երկրները: Կանցլերը նաեւ նախազգուշացրել է, որ Եվրամիությունը պետք է զգուշություն դրսեւորի եւ «Հյուսիսային հոսք-2»-ին դեմ չգնա:

Փետրվարի 3-ին Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդեր Շալենբերգը հայտարարել էր, որ Նավալնու շուրջ իրավիճակի զարգացման պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը չի կարելի կապել խողովակաշարի կառուցման հետ: Այդ նախագիծը համապատասխանում է Եվրոպայի էներգաանվտանգության շահերին, եւ ՌԴ-ն այս ոլորտում շարունակում է մնալ կարեւոր գործընկեր, շեշտել էր նա: