Կովկասի բնության հիմնադրամը /CNF/, Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների  2021 թվականի ֆինանսական աջակցության ծրագրերի շրջանակում,  75 հազար եվրո է հատկացրել «Արփա» պահպանվող լանդշաֆտին։

Տրվող աջակցությունը ապահովում է պահպանվող տարածքների արդյունավետ կառավարումը, տրվում են աշխատակիցների աշխատավարձերը, վճարվում կոմունալ և այլ ծառայությունների գումարները, կատարվում ծախսեր, որոնք կբարձրացնեն տարածքների պահպանության մակարդակը։

Հատուկ ուշադրություն է դարձվել նաև պահպանվող տարածքում էկոտուրիզմի, մասնավորապես, կենդանադիտումների զարգացման համար ենթակառուցվածքների, տեխնիկական միջոցների, այդ թվում՝  մեքենայի ձեռք բերմանը։

«Արփա», նախկին՝ «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտին Կովկասի բնության հիմնադրամը ֆինանսական աջակցություն ցուցաբերում է  2014 թվականից սկսած: Նշենք, որ տարիների համագործակցությունը տվել է իր արդյունքը, և այս պահպանվող տարածքում են նաև պարբերաբար տեսանկարահանվում ընձառյուծը, բեզոարյան այծերը, գորշ արջն ու այլ կենդանատեսակներ: