Դավաճաններին «ահաբեկելու» եւ «խփելու» վերաբերյալ ֆեյսբուքյան գրառման համար Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող կանադահայ բարերար Հրաչ Ջաբրայանը դեռեւս դատավարական կարգավիճակ չունի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Ռիմա Եգանյանը։

«Հարուցված քրեական գործով Հրաչ Ջաբրայանը դեռեւս դատավարական կարգավիճակ չունի: Կատարվում է նախաքննություն»,- նշեց Եգանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կանադահայ գործարարը վերջին տարիների ընթացքում խոշոր  ներդրումներ  է կատարել Արցախում, մասնավորապես Շուշիում, որը ներկայումս գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մասնավորապես, Ջաբրայանը Շուշիում իրականացնում էր բնակարանաշինական մեծ ծրագիր, որով նախատեսվում էր առաջին հինգ տարում անվճար բնակարաններ հատկացնել Շուշի տեղափոխվող մեր հայրենակիցներին, այդպիսով նպատակ ունենալով առաջիկա տարիներին վերաբնակեցնել հայկական քաղաքը եւ բազմապատկել Շուշիի բնակչության թվաքանակը։ Բնակարանաշինական ծրագրի իրականացման շնորհիվ, նախքան պատերազմը, հարյուրավոր արցախցիներ ապահովվել էին աշխատատեղերով։ Սակայն պատերազմի հետեւանքով Ջաբրայանը ոչ միայն կորցրել է իր ունեցվածքը, այլեւ զոհվել են իր ընկերներն ու ծրագրի աշխատակիցներից շատերը։

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել «Facebook.com» սոցիալական կայքում «Հրաչ Ջաբրայան» ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու կոչեր պարունակող ՝ «գրել եմ նոյեմբերի 10-ին… մնում եմ նույն կարծիքին… ահաբեկել դավաճաններին… Դաշնակցություն, արդեն շատ ուշացաք…խփեք դավաճանին» հրապարակում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին։