Փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։

Կրթօջախի հրամանատարական կազմի հետ հանդիպման ընթացքում համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է համալսարանի կառուցվածքը, զեկուցել ուսումնական ծրագրերի, կրթական բարեփոխումների ուղղությամբ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից արված աշխատանքների, առկա նյութատեխնիկական ու կենցաղային խնդիրների մասին եւ հանդես եկել կրթօջախի զարգացման առաջարկություններով ու նոր ծրագրերով։

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանգամանալից անդրադարձել է առաջարկված ծրագրերին։ Նախարարն առաջարկել է հղկել դրանք, լրամշակել ու կարճ ժամանակահատվածում ներկայացնել քննարկման։