Yerevan.Today-ը գրում է. «Պարզվում է, որ պատգամավորի խուլիգանական վարքում ՀՔԾ-ն հանցակազմ չտեսավ, եւ քրեական գործ հարուցելու հիմքեր չհայտնաբերեց։ Այն, ինչ բոլորս տեսանյութում տեսնում ենք, Սասուն Խաչատրյանի հիմնարկը չի տեսնում, անգամ հնարավոր է՝ այդ արարքը բարձր է գնահատում։

Հիշեցնեմ, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը («Շիշ բռնող») Հունվարի 13-ին Ազգային ժողովում խոչընդոտել էր Yerevan.Today-ի լրագրող Սյուզի Բադոյանի գործունեությունը, երբ վերջինս հարցեր էր ուղղում ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանին։ Նա քաշել էր լրագրողի թեւից եւ զրկել հարց տալու հնարավորությունից։ Հետո, երբ լրագրողը մոտեցել էր ու պահանջել բացատրություն իր թեւից քաշելու համար, պատգամավորը ասել էր, թե հարցազրույց չի տալիս։ Տեսանյութում պարզ երեւում է՝ լրագրողը բացատրում է, որ հարցազրույց չի ուզում, այլ պահանջում է բացատրություն տալ եւ միգուցե ներողություն խնդրելով` հարթել միջադեպը։ Հայկ Սարգսյանը երկար «ֆռռացնելուց հետո» խլում է լրագրողի միկրոֆոնը եւ մտում իր աշխատասենյակ՝ փակելով դուռը։ Լրագրողները շուրջ 20 րոպե դռան հետեւից պահանջում են վերադարձել միկրոֆոնը, որը վերադարձվում է։

Yerevan.Today-ը պատգամավորի վարքի առիթով հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Դատախազությունը հաղորդումն ուղարկել էր ՀՔԾ, դեպքը ուսումնասիրելու եւ ընթացք տալու։ Քննիչ Լ․ Ստեփանյանը դիտում է տեսանյութը եւ արձանագրում, որ Հայկ Սարգսյանը իսկապես քաշում է լրագրողի թեւից։ Հետո հրավիրում է Հայկ Սարգսյանին բացատրություն տալու․ սա էլ ասում է, որ «ՀՀ ԱԺ միջանցքում Գագիկ Ջհանգիրյանին մոտեցել են բազմաթիվ լրագրողներ, ցանկացել են հարցեր տալ, սակայն Ջհանգիրյանը չի ցանկացել պատասխանել նրանց հարցերին։ Աստիճանահարթակի վրա տեսնելով, որ լրագրողները հետապնդում են Գագիկ Ջհանգիրյանին, իսկ վերջինս չի ցանկանում պատասխանել նրանց հարցերին, բռնել է Yerevan.Today կայքի լրագրողի ձեռքից, քանի որ վերջինս քայլել է Գագիկ Ջհանգիրյանի հետեւից շատ մոտ եւ իրեն թվացել է, որ վերջինս կարող է հպվել Գագիկ Ջհանգիրյանին, ինչի հետեւանքով վերջինս կարող է վայր ընկնել» եւ այլն եւ այլն: Պատգամավորը նաեւ ասել է, որ դեռ մի բան էլ Սյուզի Բադոյանն է խոչընդոտել իր աշխատանքները։ Հայկ Սարգսյանը ՀՔԾ քննիչին ասել է, որ նպատակ չի ունեցել խոչընդոտելու լրագրողի մասնագիտական օրինական գործությունը։

ՀՔԾ-ն էլ որոշել է, որ ուրեմն հանցակազմ չկա, քանի որ, ըստ տրամաբանության, Շիշ բռնողը իրականում ոչ թե հանցագործ է, այլ Գագիկ Ջհանգիրյանին երկրորդ կյանք նվիրած ասպետ, եւ Ջհանգիրյանը ամբողջ կյանքում պետք է մոմ վառի Շիշ բռնողի առաջ, որ նա գոյություն ունի, թե չէ ԲԴԽ-ն անցյալով կխոսեր իր նոր անդամի մասին։

Մանրամասները՝ սկզնաղբյուր կայքում: