Ռազմագերիների վերադարձի հարցով ելույթ եմ ունեցել շատ կարեւոր հարթակում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվրոպական պառլամենտում «Նորացնելով Եվրոպան» (Renew Europe) խմբակցության նախաձեռնությամբ՝ փետրվարի 04-ին տեղի է ունեցել առցանց կոնֆերանս՝ նվիրված Արեւելյան գործընկերության երկրների եւ ԵՄ-ի հետ շահավետ համագործակցության զարգացման հեռանկարների քննարկմանը։

Հանդիպմանը մասնակցություն են ունեցել Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արժեքների եւ թափանցիկության եվրոպական հանձնակատար Վերա Յուրովան, «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինքի» (ALDE) նախագահ Հանս վան Բաալենը, Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերը, Եվրոպական հանձնաժողովի էներգետիկայի եւ առեւտրի հարցերով հանձնակատարներ Կադրի Սիմսոնը եւ Վալդիս Դոմբրովսկիսը։

Կոնֆերանսին մասնակցություն էր ունենում նաեւ Ադրբեջանի պատվիրակությունը։

Քննարկելով երկկողմ փոխգործակցության տարաբնույթ հարցադրումներ՝ նախատեսված ելույթում անդրադարձ եմ կատարել Հայաստանի եւ Արցախի համար Արցախյան պատերազմի եւ նոյեմբերի 09-ին կնքված եռակողմ հայտարարությունից բխող մարտահրավերներին, սպառնալիքներին եւ հումանիտար ճգնաժամին։

Մասնավորապես՝ շեշտադրել եմ հայ ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց անվտանգ վերադարձի եւ այս հարցում եվրոպական գործընկերների աջակցության անհրաժեշտությունը»։