Երկրներում ներքին զբոսաշրջությունը կդառնա համաշխահային զբոսաշրջության առաջին քայլը: Այդ մասին ուրբաթ հայտարարել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությանն գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին Մարակեշում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Անհրաժեշտ է խթանել ներքին զբոսաշրջությունը՝ որպես այդ ոլորտի վերածննդի համար առաջին քայլ՝ հաշվի առնելով ամբողջ աշխարհում ընդունված ուղեւորությունների սահմանափակումները»,-նրա խոսքերը մեջբերում է Maghreb Arabe Press տեղեկատվական գործակալությունը:

«Համաշխարհային զբոսաշրջության վերականգնումը դեռեւս կախված է մի քանի գործոնից, մասնավորապես, սահմանների բացումից»,-շարունակել է Պոկոկիկաշվիլին՝ հավելելով, որ այսօրվա դրությամբ երկրների շուրջ 80 տոկոսը փակել են իրենց սահմանները:

«Ոլորտի վերականգնումը նաեւ կապված է տարբեր սահմանափակումների չեղարկումից եւ ամբողջ աշխարհում պատվաստումների արշավների հաջողություններից»,-նշել է նա:

Վերջին տարիներին Մարոկկոն Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրների շրջանում միջազգային զբոսաշրջության ոլորտի առաջատարներից մեկն է: Սակայն կորոնավիրուսի համավարակի հետեւանքով կրել է զգալի կորուստներ: Երկիրը զրկվել է միլիարդավոր դոլարներից, որոշ հյուրանոցներ, զբոսաշրջային եւ տրանսպորտային ընկերություններ հայտնվել են սննկացման վտանգի ներքո: