Կորոնավիրուսի համավարակի մարման համար անհրաժեշտ է պատվաստել Երկրի բնակչության 75 տոկոսին, ինչի համար ներկայիս տեմպերով կպահանջվի յոթ տարի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Bloomberg-ին:

Գործակալության տեղեկություններով՝ աշխարհում ամեն օր կատարվում է COVID-19-ի դեմ պատվաստանյութի ավելի քան 4.5 միլիոն ներարկում: Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր մարդ պետք է ստանա դեղամիջոցի երկու դեղաչափ, անհրաժեշտ կլինի շուրջ յոթ տարի, որ պատվաստվի մոլորակի բնակչության մեծամասնությունը:

ԱՄՆ-ում այդ գործընթացը կտեւի 11 ամիս: Օրական այնտեղ կատարվում է 1.3 միլիոն պատվաստում: Այդ խնդիրը լավագույնս լուծում են Իսրայելը (58 չափաբաժին 10 մարդու հաշվով), որտեղ բնակչության 21 տոկոսն արդեն ամբողջովին պատվաստվել է, եւ ԱՄԷ-ն (35.8 չափաբաժին 10 մարդու հաշվով):

Պատվաստանյութերի մեկնարկի ժամանակ բազմաթիվ երկրներ բախվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի հավասար հասանելիության հետ: Որոշ պետություններում դեռեւս ոչ մի պատվաստում չի արվել: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի տարածման գործընթացը կդառնա ամենաբարդ լոգիստիկ խնդիրը, որը երբեւէ ծառացել է մարդկության առջեւ, ասվում է հաղորդագրության մեջ: