Հինգշաբթի Ֆիլիպինների Լուսոն եւ Բատանես կղզիների ափերին տեղի են ունեցել համապատասխանաբար՝ 5,4 եւ 5,5 մագնիտուդով երկրաշարժեր: Այս մասին հայտնել է երկրի Հրաբխաբանության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտը:

Ինստիտուտի տվյալներով՝ առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լուսոն կղզուց 125 կմ հյուսիս-արեւելք, Սամբալես նահանգում: Օջախը գտնվում էր 40 կմ խորությամբ: Մասնագետները տեղեկացրել են ստորգետնյա կրկնակի ցնցումների առաջացման մասին:

Գրեթե կես ժամ անց Ֆիլիպինների մեկ այլ հատվածում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը: Էպիկենտրոնը գտնվել է Բատանես կղզուց (համանուն նահանգում) 93 կմ հյուսիս-արեւելք: Օջախը գտնվել է 14 կմ խորությամբ: Որոշ ժամանակ անց նույն շրջանում առաջացել է ավելի թույլ կրկնակի ցնցում:

Ցունամիի սպառնալիք չկա, ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: