Ես այսօրվա նիստը սկսում եմ տնտեսական բնույթի շատ կարևոր հայտարարությամբ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստի մեկնարկին:

«ՀՀ կառավարությունը հաջողությամբ իրականացրել է եվրոբոնդերի թողարկում: Այս թողարկմամբ մենք թողարկել ենք 750  միլիոն ԱՄՆ դոլարի պարտատոմս: Եվ շատ կարևոր է արձանագրել, որ թողարկումը տեղի է ունեցել մեր հանրապետության պատմության ամենանպաստավոր պայմաններով, ամենացածր տոկոսով: Եվ սա շատ կարևոր ազդակ է մեր տնտեսության համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ նախ՝ սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել, և երկրորդ` հետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին ազդակն է: «Ինչը նաև վկայում է, որ միջազգային ներդրողները վստահություն են տածում  Հայաստանի տնտեսական ապագայի և կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն արձանագրեց, որ այս թեմայով կան որոշակի քննարկումներ: «Այս թողարկումը ամենևին էլ արտահերթ, արտառոց երևույթ չէ, որովհետև նախատեսված է 2021 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման գործիքակազմում: Տնտեսական տարին սկսել ենք շատ ուժեղ դրական ազդակով և հույս ունենք, որ այս դրական ազդակը իր հետ կբերի շղթայական ռեակցիա»,- նշեց վարչապետը՝ ևս մեկ անգամ արձանագրելով, որ թողարկման տոկոսը 3,8 տոկոս է: