ՀՀ Պաշտպանության նախարարությունից քիչ առաջ հայտնեցին, որ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողության բաժնի պետ։ Հիշեցնենք, որ Հարությունյանը զբաղեցնում էր Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատրի պաշտոնը։ Պատերազմի ժամանակ նա ծանր վիրավորում էր ստացել եւ ամիսներ շարունակ հիվանդանոցում էր։

ArmDaily.am-ը կապ հաստատեց 2018-2020 թվականներին այդ պաշտոնը զբաղեցնող գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ։ Մեզ հետ զրույցում գեներալը նշեց, որ այդ նշանակումն անսպասելի չէր իր համար։

«Թափուր պաշտոն է՝ նշանակել են, արժանի մարդ է՝ նշանակել են»,- ասաց Հակոբյանը։

Մեր այն դիտարկմանը, որ տարածված լուրերի համաձայն Ջալալ Հարությունյանը տարաձայնություններ ուներ իշխանության հետ և որ նրա հետ կապված միջադեպի մասին տարբեր լուրեր կան. «Ես այդպիսի ասեկոսներով չեմ զբաղվում։ Արժանի մարդ է, թող շարունակի՝ շատ լավ է, շատ ուրախ եմ»։

Արդյոք այս նշանակման ու տարածված տեղեկությունների համաձայն վարչապետ-Տոնոյան, Տոնոյան-Ջալալ Հարությունյան տարաձայնությունների միջև ընդհանուր գիծ տեսնում է, թե ոչ, Հակոբյանն ասաց.«Մեկը տվյալ ո՞ւնի, որ այդպիսի բան եղել է կամ մեկը փաստի ունի, որ այդպիսի բան եղել է, որ դրանից սկսում եք հետևություններ անել և պնդել»։

Անդրադառնալով իշխող խմբակցության տարբեր անդամների կողմից բանակին ուղղված բացասական խոսքը զինվորականների կողմից անպատասխան թողնելու պատճառին, ասաց, որ զինվորականները միշտ եղել են հայրենասեր և զուսպ մարդիկ և քաղաքական ասեկոսները չեն մեկնաբանում։ Իսկ թե այդ հայտարարությունները վնասում են բանակի վարկանիշին, թե ոչ՝ նա պատասխանեց.«Նայած ով է ասում։ Բանակը դրանով չի ապրում, բանակն ապրում է իր առօրյայով։ Նայած ով է ասում՝ գնահատական տվողն ով է։ Երկրի հոգսերով ապրող մարդիկ կհասկանան, որ այդ գնահատականը, որը պախարակում է բանակը, դա բանակի պատիվը բարձրացնո՞ւմ է, թե իջեցնում է։ Իմ կարծիքով՝ այն կոնտինգենտը, որ պախարակում է բանակը, դրանից բանակը իրեն ավելի լավ է զգում՝ այդպիսի գնահատականներից»։