Առաջին հայացքից պետական պարտքի բացարձակ թվով աճն ընկալվում է որպես բացասական երեւույթ, բայց պետք է հաշվի առնել, որ պետական պարտքի վարքագիծը հետեւանք է հարկաբյուջետային քաղաքականության եւ պետական բյուջեի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, կառավարության նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Պետությունը, որն իր բյուջեում ունի դեֆիցիտ, չի կարող մտածել բացարձակ թվով պարտքի նվազման մասին, որովհետեւ որեւէ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորվում է ներգրավվող փոխառոըւ միջոցների ճանապարհով: Միակ դեպքը, երբ կարող է քննարկվել բացարձակ թվով պարտքի նվազման հարց, այն է, որ նպատակադրում արվի դեֆիցիտը հասցնել զրոյի: Բայց մենք այդպիսի քաղաքականություն չենք ունեցել, չունենք եւ մեծ հավանականությամբ  չենք ունենա, որովհետեւ դա զարգացմանը նպաստող քաղաքականություն չի կարող համարվել:

Հետեւաբար, քանի դեռ ունենք պետական բյուջեի դեֆիցիտ, անխուսափելի է  պետռական պարտքի բացարձակ մեծության աճը»,-ասաց Ջանջուղազյանը:

Նա նաեւ հավելեց, որ կա նաեւ պարտքի բեռի հարաբերական ցուցանիշ. «Համախառն ցուցանիշը, որն օգտագործվում է պարտքի բեռի գնահատման համար, դա պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն է: Այս դեպքում բացահայտվում է, թե որ չափի բեռ է պետական պարտքը տնտեսության համար: Բազմաթիվ այլ ցուցանիշներով ներդրողները որոշումներ են կայացնում, թե որքանով է ռիսկային երկիրը: Առայժմ Հայաստանը հիմնականում գնահատվել է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր: Բայց սա չի նշանակում, որ  պետք է մտնել ռիսկերի տակ ու էապես մեծացնել պարտքը, որովհետեւ նույն ներդրողը գնահատում է, թե որքանով է վճարունակ երկիրը»: