Այսօր կառավարությունը կրթության բարեփոխումների վերաբերյալ որոշման նախագիծ ընդունեց, որով նախատեսվում է մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ երեխաների գնահատման համակարգում: Անդրադառնալով նախագծին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միայն կրթությամբ հնարավոր չէ լուծել բոլոր հարցերը, բայց չկա որևէ պրոբլեմ, որի լուծումը հնարավոր է առանց կրթական բաղադրիչի՝ սկսած քաղաքականությունից՝ շարունակելով օրենսդրական համակարգ, զինված ուժեր:

«Կրթության չափորոշիչի այս ընդունումը համարում եմ կարևորագույն ռեֆորմներից մեկը և շատ կարևոր եմ համարում, որ ունեցել ենք կամք այս փոփոխությունները հասցնելու այս կետին և կարևոր եմ համարոմ շարունակելը: Պարզ է, որ լինելու են քննադատություններ՝ ընդհուպ մինչև ինչպես կարելի է գնահատման համակարգից հրաժարվել, բայց սա համապարփակ ծրագիր է և պետք  է իրականացնել՝ ավելի մեծ շեշտը դնելով աշակերտի կարիքների, նախասիրությունների վրա»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը խնդրեց անդրադառնալ նաև հայ եկեղեցու, հայ պատմության և հայ գրականության առարկաների շուրջ բարձրացված աղմուկին, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրեց, որ այդ աղմուկը, որ կար այդ հարցերի շուրջ, այս պահին չկա:

«Այս պահին ասելով՝ նկատի ունե՞ք դահլիճում»,-կատակեց Նիկոլ Փաշինյանը, իսկ նախարարը նշեց, որ նկատի ունի վերջին մեկուկես ամսվա ընթացքում:  Նա նշեց, որ հիմա «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի թեմայով քննարկումների մեջ է: «Ինչ վերաբերում է «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն»  առարկաներին, ապա հանդիպում է եղել միասնական գիտությունների ազգային ակադեմիայի գործընկերների հետ, քննարկել ենք և հասկացել ենք, թե իրական աղմուկը ինչի շուրջ է, այդ պատճառները վերացված են, այլևս չկան այն առիթները, որպեսզի աղմուկը զարգանա, անցել ենք գործնական փուլ, և որևէ կոնֆլիկտ գոյություն չունի այս ժամանակահատվածում»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով, ասաց, որ պետք է ուշադիր լինել, թե երեխան դպրոցում ինչի վրա է ծախսում  ժամանակը: «Ինչ գիտելիք և հմտություն զարգացնելու վրա ենք ժամանակը օգտագործում, քանի որ դա 15-20 տարի հետո արտահայտվելու է մեր իրականության մեջ,  տեխնոլոգիական ապրանք ունենք, թե չունենք»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ այն, ինչին 12 տարում մենք հասնում ենք և կարող ենք հասնել ինը տարում, բայց իննամյա պլանը մեզ չի բավարարում: «Մենք ասում ենք՝ ոչ թե ինը տարի դարձնենք, այլ երեխայի ժամանակը լրացնենք այնպես, որ տասներկու տարում 50 տոկոս ավելի արդյունք ունենանք: Կարևոր է նաև արձանագրել, որ ժամանակակից աշխարհում երեխայի կրթությունը սկսվում է ոչ թե դպրոցից, այլ նախակրթարանից և զարգացած են համարվում այն երկրները, որոնք երեխայի կրթության ավելի ցածր տարիք են ֆիքսում»,-ասաց նա և նշեց, որ ԱԺ օրակարգում է գտնվում նաև «Բարձրագույն կրթության մասին» օրենքը, և սա մեկ ամբողջության մեջ պետք է դիտարկել:

Այսպիսով` նախագծով կրթության բովանդակության ձևավորման հիմքում առաջարկվում է ներդնել կարողունակությունների վրա հիմնված մոտեցումը: Կարողունակությունների սահմանման համար հիմք են հանդիսացել Եվրոպայի Խորհրդի կողմից առաջադրված Ժողովրդավարական մշակույթի կոմպետենցիաները (CDC):

Առաջարկվում է Հանրակրթության պետական չափորոշչում հստակ սահմանել «ուսումնական բնագավառ» հասկացությունը, դրա հիմքում դնելով ոչ թե գոյություն ունեցող առարկաների խմբավորումը, այլ «հանրակրթության բովանդակություն» հասկացությունը: Առաջարկվում է հետևյալ սահմանումը՝

Առաջարկվում է հենքային ուսումնական պլանում կատարել փոփոխություններ, որոնք կարտացոլեն առաջարկվող նոր բնագավառներին հատկացված ժամաքանակները: Միևնույն ժամանակ, առաջարկվում է բնագավառներին հատկացված ժամաքանակները ներկայացնել տոկոսային հարաբերակցությամբ:

Կարևոր է նշել նաև, որ նախագծով առաջարկվում է դպրոցներին տալ հնարավորություն հենքային ուսումնական պլանի հիման վրա մշակել դպրոցի ուսումնական պլան, որը գործող չափորոշչով իրականացվում է օրինակելի ուսումնական պլանի հիման վրա: Սա թույլ կտա մեծացնել դպրոցների կողմից մշակվող ուսումնական պլանների ճկունության աստիճանը: Դպրոցներին տրվող ճկունությամբ հանդերձ՝ պետական քաղաքականությունն ամրագրում է պարտադիր չորս առարկաները՝ «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն» և օտար լեզու, որոնք նաև ի դեմս պետական պարտադիր բաղադրիչի՝ ունեն երաշխավորված ժամաքանակ բոլոր դպրոցներում։

Միևնույն ժամանակ առաջարկվում է տարրական, միջին և ավագ դպրոցներում իջեցնել ծրագրերի նորմատիվային նվազագույնը (դասաժամ)՝ արդյունքում պակասեցնելով դասարանների շաբաթական ծանրաբեռնվածությունը։

Կարևոր փոփոխություններից է նաև սկսած յոթերորդ դասարանից նախագծային ուսուցման պարտադիր պահանջի ամրագրումը, որը հնարավորություն կտա զարգացնել արդի իրականության մեջ սովորողների առանցքային կարողունակությունները՝ ստեղծարարության և հետազոտական հմտությունների, ինքնուրույն վերլուծությունների և քննադատական մտածողության տեսանկյունից։ Նախագծում առաջարկվում է սովորողների միավորային գնահատումն իրականացնել սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից՝ էապես կարևորելով ուսուցանող (ձևավորող) գնահատումը: Տարրական դպրոցում ամփոփիչ գնահատումը կիրականացվի սովորողի ուսումնական ձեռքբերումների բնութագրման միջոցով:

Ինչ վերաբերում է քանակական գնահատման դեպքում միավորային սանդղակի կիրառմանը, ապա կարևոր փոփոխություն է բացասական կամ անբավարար միավորային շեմից հրաժարվելը՝ գիտելիքը արժևորելու տեսակետից։ Այս քայլի արդյունքում նախատեսվում է ունենալ առավել արդարացի գնահատում հատկապես հաշվի առնելով հանրակրթության ներառականությունը, կվերացնի երկտարեցիության երևույթը, որն իրականում նպաստում է սովորողների առանձին խմբի պիտակավորմանը և սոցիալական մեկուսացմանը, այլ ոչ թե աջակցում նրանց խնդիրների կարգավորմանը։

Միևնույն ժամանակ, նախատեսվում է չափորոշչով հստակ սահմանել գնահատման սկզբունքները, նպատակները և չափանիշները, իսկ գնահատման գործիքակազմը սահմանել առանձին միասնական կարգով։