«Հանուն կյանքի ընդդիմադիր հարթակ» ընդդիմադիր կուսակցությունն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմից սահմանադրության ու երկրի օրենքների խախտման վերաբերյալ ապացույցներ ունի: Այս մասին հայտարարել է կուսակցության քաղխորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նախօրեին խմբակցությունը տեղեկացրել էր երկրում որոշ հեռուստաալիքների փակման որոշումից հետո Զելենսկիի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց նախաձեռնելու մասին:

«Մենք հիմա նյութեր ենք պատրաստում, հասկանում ենք, որ սա բարդ ընթացակարգ է: Մենք հասկանում ենք, որ այս ընթացակարգը նախատեսող օրենքն իրականում անիրագործելի է, բայց մեր նպատակը ոչ միայն պաշտոնանկության նախաձեռնումն է (ունենք բոլոր փաստարկները), այլև մարդկանց ցույց տալը, որ այսօր Զելենսկին արժանի չէ այդ պաշտոնին»,-հայտարարել է Մեդվեդչուկը:

Երեքշաբթի օրը Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել ուկրաինական ընդդիմադիր լրատվամիջոցների և դրանց սեփականատեր, «Հանուն կյանքի ընդդիմադիր հարթակ»-ի պատգամավոր Տարաս Կոզակի նկատմամբ: Դրանից հետո «112. Ուկրաինան», NewsOne- ը, ZIK-ը և որոշ այլ ալիքներ դադարեցրել են հեռարձակումը: Մասնագիտական հանրությունը սա անվանել է քաղաքական բռնություն և խոսքի ազատության դեմ կատարվող հարձակում: