Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի «Հոլիվուդ» անվամբ թաղամասում` վարձակալության հանձնված առանձնատներից մեկում, գործում է ապօրինի խաղատուն, որտեղ կազմակերպվում են «պոկեր» տեսակի շահումով խաղեր։

Օպերատիվ տեղեկությունների հիման վրա փետրվարի 3-ին ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ու հատուկ նշանակության վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

«Պարզվեց, որ առանձնատունը փաստացի վարձակալած անձինք, առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության՝ լիցենզիայի, կազմակերպել են «պոկեր» տեսակի շահումով խաղեր՝ մասնակցողներին վաճառելով 1000, 5000 ու 25000 դրամին համարժեք խաղաքարեր։ Բացի այդ, վարձու խաղարկողների միջոցով մասնակիցների յուրաքանչյուր շահումից կատարվել են 5 տոկոսի չափով գանձումներ՝ հօգուտ կազմակերպիչների։ Ապօրինությունների հետևանքով առնվազն պետական տուրքի չափով պետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են խաղատնային բազմատեսակ պարագաներ։ ՔՈԳՎ բերման ենթարկված խաղերի կազմակերպիչ և մասնակից անձանց խուզարկությամբ  հայտնաբերվել են խաղասրահում շրջանառելու համար նախատեսված խոշոր չափի գումարներ, մարիխուանայի նմանվող զանգված, կաթուցիչ, դանակ և այլն։ Դեպքի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։