Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 4-ի նիստում սահմանեց, որ մինչև էքսպրես-բեռների համար ապրանքային մաքսային հայտարարագրի և էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակների կիրառմամբ մաքսային մարմինների ավտոմատացված տեղեկատվական համակարգի գործարկումը, փոխադրողի կողմից որպես էքսպրես-բեռ փոխադրվող ապրանքների և անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրման ժամանակ մաքսային մարմինների կողմից ընդունվում են էքսպրես-բեռների համարապրանքային մաքսային հայտարարագրի և էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի թղթային տարբերակները:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Ներկայումս Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության օրենսդրության շրջանակներում նախատեսված չէ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 8-ի թիվ 142 որոշմամբ սահմանված՝ Էքսպրես-բեռների համարապրանքային մաքսային հայտարարագրիև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի  2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 158 որոշմամբ սահմանված՝ էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի պարզեցված ձևերի թղթային տարբերակների օգտագործման հնարավորություն, ինչը հանգեցնում է էքսպրես փոխադրումների միջոցով փոխադրվող «մանր» բեռների համար ապրանքների մաքսային հայտարարագրի լրացմանը՝ դրանով իսկ բարդացնելով մաքսային հայտարարագրման գործընթացը։

Նախագծով նախատեսվում է էքսպրես-բեռների համար ապրանքային մաքսային հայտարարագրի և էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի  պարզեցված ձևերի թղթային տարբերակով կիրառման հնարավորություն՝ մինչև մաքսային մարմինների հայտարարագրման ավտոմատացված համակարգում համապատասխան ծրագրի ներդրումը և գործարկումը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ սա պարզեցնում է կարգը, ինչը արտահանողների համար մեծ խնդիր է լուծում. Արտահանողների կյանքը էապես հեշտանում է դրանով: