ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ, տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Ավագ Ավանեսյանը, նաև նախարարության և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի անձնակազմի ներկայացուցիչները։

Շոմբի Շարփը շնորհավորել է նախարարին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

ՄԱԿ-ի մշտական համակարգողը նշել է, որ Հայաստանի կառավարության հետ քննարկվող 2021-2015 թթ․ ՄԱԿ-ի Զարգացման աջակցության շրջանակը լավ հնարավորություն է վերանայելու և նոր թափ հաղորդելու համագործակցությանը։

«ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի անունից ցանկանում եմ նշել, որ մենք մեծապես գնահատում ենք Էկոնոմիկայի նախարարության հետ մեր լայնածավալ համագործակցությունը՝ մարդկանց և համայնքների համար ընդհանուր բարեկեցություն և կայունություն ապահովելու համար: Այժմ մենք ընդլայնում ենք մեր համատեղ ջանքերը` վերջին մարտահրավերներից ավելի լավ վերականգնվելու համար, և շուտով կմեկնարկենք ՄԱԿ-ի Գործընկերության նոր հնգամյա շրջանակը, որի հիմքում Հայաստանի համար կանաչ, կայուն և ներառական տնտեսական աճն է», — ասել է Շոմբի Շարփը: Նա հավելել է, որ համագործակցությունը կարող է շարունակվել նաև ՓՄՁ զարգացման, ներդրումների խթանման, նորարարության ֆինանսավորման  և վենչուրային ֆոնդերի ստեղծման ուղղություններով։

Ողջունելով Հայաստանում իրականացվող ՄԱԿ-ի հետ համատեղ նախագծերը, Վահան Քերոբյանը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է հետագա համագործակցության ուղղություններն ուրվագծելու և հստակեցնելու համար։ Նախարարը հետաքրքրվել է Հայաստանում ՄԱԿ-ի տնտեսական կառույցների գրասենյակների հիմնման հնարավորություններով, ներկայացրել նախարարության տեսլականը ՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների հասանելիության, կապիտալ շուկայի զարգացման վերաբերյալ։

Վահան Քերոբյանը տեղեկացրել է նախարարության կողմից իրականացվող գիտելիքահենք տնտեսական քաղաքականության մշակման աշխատանքների  մասին։ Նա հայտնել է նաև գյուղական վայրերում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծման նախաձեռնության մասին, ինչը հնարավորություն կընձեռի գյուղական համայնքների բնակիչներին աշխատելու նաև զբոսաշրջության, թեթև արդյունաբերության և այլ ոլորտներում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել ջրային ոլորտի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի իրականացմանը։ Պարոն Շարփը նշել է գյուղական համայնքներում աշխատուժի վերապատրաստման, այդ թվում՝ կանանց համար ծրագրերի անհրաժեշտության մասին։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխհամաձայնեցված ուղղություններով համագործակցության խորացման պատրաստակամությունն ու հանձնառությունը: