Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների նախնական պլանը հաստատելու մասին որոշման նախագիծը։

Նա ասաց, թե կորոնավիրուսային համավարակն ու պատերազմը երկրի համար նշանակալի տնտեսական շոկի աղբյուր էին։

«Արդեն հասանելի են ցուցանիշները, ըստ որի՝ 2020 թվականի տնտեսական անկումը գնահատվում է 7-ից 8 տոկոսի շրջանակում», — ասաց Ավինյանը։

Փոխվարչապետի խոսքով՝ որոշակիորեն հաջողվել է զսպել էլ ավելի մեծ անկում ունենալու ռիսկը։

Նա նշեց, թե այս ծրագիրը շեշտադրում է երեք հիմնական ուղղություն, որոնք են՝ տնտեսական ակտիվության վերականգնման արագացում, վստահելի գործարար և սպառողական միջավայրի ապահովում ու միջնաժամկետ տնտեսական քաղաքականության օրակարգի ձևավորում։

«Նախատեսված են թվով 12 նպատակային գործողություն ու թվով 14 աջակցության ծրագիր», — ասաց Ավինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե ծրագրով նախատեսված արդյունաբերական կանեփի մշակման հարցը բազմաթիվ շահարկումների տեղիք կարող է տալ։

«Կարևոր է, որ ծրագիրը շատ ճիշտ ու մանրամասն լուսաբանվի, ցավոք, կանեփ ասելով մարդիկ այլ բան են հասկանում, մինչդեռ, կանեփը շատ կարևոր արդյունաբերական հումք է», — ասաց ՀՀ վարչապետը։