Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ (ՌԼԴԿ) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին այն կարծիքին է, որ Արևմուտքը «պարտվել է»՝ խաղադրույք կատարելով ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի վրա: Այս մասին նա գրել է իր թելեգրամյան պաշտոնական ալիքում: 

«Պարոնա՛յք, պարտվել եք: Դուք խաղադրույք եք կատարել Գրիգորի Յավլինսկիի («Յաբլոկո» կուսակցության առաջնորդ), Բորիս Նեմցովի («ՌՊՌ-ՊԱՌՆԱՍ» կուսակցության համանախագահ, ռուսաստանյան ընդդիմության համակարգող խորհրդի նախկին անդամ), Միխայիլ Խոդորկովսկիի («ՅՈՒԿՈՍ» նավթային ընկերության համահիմնադիր ու ղեկավար, «Բաց Ռուսաստան» հասարակական կազմակերպության նախագահ), այժմ Նավալնիի, իսկ վաղը՝ Ալեքսանդր Գուդկովի (դերասան, Comedy Woman ծրագրի մասնակից և ստեղծագործական տնօրեն, «Երեկոյան Ուրգանտ» շոուի մասնակից) վրա: Բայց այս բոլորն ուղղակի կորսված քարտեր են: Դուք  դարձյալ մոռանում եք, թե ով է ազատագրել Եվրոպան Մոնղոլական կայսրության հիմնադիր Չինգիզ խանի հորդաներից, ով է ազատագրել Բեռլինը: Դուք ցանկություն չունեք ճիշտ պատմական եզրակացություններ անելու»,- շեշտել է նա:

Միևնույն ժամանակ, Ժիրինովսկին խորհուրդ է տվել «չանցնել կարմիր գիծը»:

«Մոսկվան երբեք չի լինի Կիև-2, ոչ մի մայդան, նարնջագույն կամ մոխրադարչնագույն հեղափոխություն ու Նավալնին ձեզ չի օգնի»,- ընդգծել է նա ու հավելել, որ «Ռուսաստանը բերդ է»:

Բացի այդ, քաղաքական գործիչը խորհուրդ է տվել Արևմուտքին «ինքն իրեն հավաքել» և դադարեցնել «աշխարհի ամենամեծ պետության դեմ ինտրիգները»:

«Ավարտե՛ք ձեր խաղը, Արևմուտքի պարոնա՛յք, Ռուսաստանը կրկին շահել է: Դուք պարտվել եք փետրվարի 2-ին, ճիշտ այնպես, ինչպես դուք կորցրել եք Ստալինգրադի ճակատամարտը 1943 թ. փետրվարի 2-ին: Դա շրջադարձային պահ էր, մեծ պատերազմ էր, իսկ հիմա էլ գաղափարական մարտում եք պարտված: Ամո՛թ ձեզ»: — եզրափակել է նա:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, օրերս Մոսկվայի Սիմոնովսկի շրջանի դատարանը «Իվ Ռոշեի» գործով չեղյալ էր հայտարարել Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժաչափը՝ փոխարինելով այն 3.5 տարվա իրական ժամկետով: Արևմտյան մի շարք երկրներ կոչ էին արել ազատ արձակել Նավալնիին: Գործչին ազատ արձակելու առնչությամբ կոչերով էին հանդես եկել մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

ՌԴ ԱԳՆ-ն ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը մեկնաբանող օտարերկրյա քաղաքական գործիչներին խորհուրդ էր տվել հարգել միջազգային իրավունքը և զբաղվել իրենց երկրների խնդիրներով: Իր հերթին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը մտադիր չէ ականջալուր լինել Նավալնիի առնչությամբ արտերկրից հնչող հայտարարություններին: