Իրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսի դեմ բազմազան պատվաստանյութեր են արտադրվում, ինչը՝ դրանց մի մասն արտահանելու հնարավորություն կտա երկրին, հայտնել է Սննդամթերքի և առողջապահության վարչության ղեկավար Մոհամմադ Ռեզա Շանեհսազը, հայտնում է իրանական Tehran Times թերթը:

Սննդամթերքի և առողջապահության վարչության ղեկավարը նշել է, որ երկրի ներուժը դեղագործական ոլորտում այնքան մեծ է, որ յուրաքանչյուր դեղամիջոց, որը ներդրվել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում, երկրի ներսում արտադրվում է երեք ամսից էլ պակաս ժամանակահատվածում:

«Արտադրվել են նաև փորձարկման հավաքածուներ և օդափոխիչներ, իսկ վերջինը պատվաստանյութերի արտադրությունն է», — նշել է Շանեհսազը:

Ներկայում 11 ընկերություններ աշխատում են պատվաստանյութերի արտադրության հինգ մեթոդների վրա, որոնք փորձարկվում  են ամբողջ աշխարհում, բացատրել է նա: Շանեհսազը նշել է, որ առաջիկա օրերին ներմուծվելու է ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը և հավելել, որ Իրանը տասնվեցերորդ երկիրն է, որը պատվիրել է վերոնշյալ պատվաստանյութը: 2019 թվականի հունվարին Շանեհսազն ասել էր, որ իրանական դեղագործական արդյունաբերությունը և գիտնականները ունակ են երկու տարվա ընթացքում ցանկացած տեսակի դեղամիջոց արտադրել: Սննդամթերքի և առողջապահության վարչության մամուլի խոսնակ Քիանուշ Ջահանփուրն, իր հերթին, նշել է, որ Իրանը և Կուբան համաձայնագիր են կնքել՝  կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ արտադրության վերաբերյալ:

2019 թվականի դեկտեմբերին, Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության նախարար Սաեդ Նամաքին նշել է, որ Իրանում սպառվող դեղորայքի 97 տոկոսն արտադրվում է հենց երկրում և միայն 3 տոկոսն է ներկրվում: Իրանի հոգևոր առաջնորդ Իմամ Խոմենեյի անմիջական կառավարման ներքո գտնվող  Execution of Imam Khomeini’s Order կազմակերպության կողմից պատրաստված իրանական առաջին «ԿովԻրան Բարեքաթ» պատվաստանյութի առաջին ցուցադրական փորձարկումն իրականացվել է 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կայացած միջոցառման ընթացքում:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ կառավարությունը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումներն սկսվեն առաջիկա երկու ամիսների ընթացքում՝ առաջնահերթություն տալով բժշկական ոլորտի աշխատակիցներին և ռիսկային խմբի մարդկանց: