«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Փոփոխություններով կառավարությունն առաջարկում է դատավորների թիվն ավելացնել առնվազն 17-ով, որոնք, մասնավորապես, կզբաղվեն միայն կալանքի, խուզարկության միջնորդությունները քննելով։

Ու թեեւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ պնդում էր, թե այս կամ այն փոխոխություններով խոսք չի կարող լինել գործադիրի կողմից ցանկալի դատավորներ ունենալու մասին, սակայն իրականում դա այդքան էլ այդպես չէ, քանի որ դատավորների առաջադրման հարցում գլխավոր մարմինը Բարձրագույն դատական խորհուրդն է, որտեղ վերջերս իշխանությունները խնդիրներ ունեին, քանի որ մեծամասնություն էր կազմում ըմբոստ թեւը։

Նախորդ քառօրյայի ընթացքում, սակայն, Ազգային ժողովը ԲԴԽ գործուղեց Գագիկ Ջհանգիրյանին եւ Դավիթ Խաչատուրյանին, որոնք հենց իշխող ուժի կողմից էին առաջադրվել, այսինքն՝ իշխանություններին հաճո մարդիկ են։ Նրանցից առաջ էլ Գրիգոր Բեքմեզյանը գործուղվեց խմբակցության կողմից։

Այսինքն՝ ԲԴԽ կազմում իշխանություններն արդեն 3 նոր դեմքեր ունեն, ինչը նշանակում է, որ կարող են «վնգստացող դատավորների» փոխարեն ունենալ գրպանային դատավորներ, եւ այդ մարդիկ պատահական չեն ընտրվելու եւ ոչ էլ պատահական գործեր են քննելու։ Ընդ որում, այս նախագիծը բերվեց հենց ԲԴԽ նոր անդամներ ընտրելուց հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում