Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Ստամբուլում Բոսֆորի համալսարանի ուսանողների բողոքի ակցիաներն ընդդեմ համալսարանի ռեկտորի, որը հանդիսանում է երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ: Այս մասին տեղեկացնում է Cumhuriyet պարբերականը:

«Դուք ուսանողնե՞ր եք, թե՞ ահաբեկիչներ, որոնք փորձում են ռեկտորի աշխատասենյակը գրավել»,-ասել է Էրդողանը:

Նախագահի քաղաքական դաշնակից Դևլեթ Բահչելին նույնպես հայտարարել է, որ «աջակցել այս ակցիաներին` նշանակում է աջակցել ահաբեկչությանը»:

Համալսարանի ուսանողները պատասխանել են քաղաքական գործիչներին. «Ոչ միայն մենք, այլև բոլոր երիտասարդներն այս երկրի պայծառ վաղվա օրն են: Մենք դիմակայում ենք իշխանությունների սխալ քաղաքականությանը: Նախագահի խոսքերը միայն մեզ չեն ուղղված: Երկրում այլախոհներն ամեն օր ենթարկվում են նման հարձակման»,-նշել են ուսանողները:

«Նրանք մեզ ահաբեկիչներ են անվանում: Սա նշանակում է, որ նրանք քննություն են անցկացնում այս երկրում լավագույն ահաբեկիչներին ընտրելու համար: Քանի որ այս համալսարանն ընդունում է ուսանողներ, որոնք ընդունելության քննության լավագույն 100, 300-ի մեջ են: Մենք չենք իրականացրել ահաբեկչություն պարունակող գործողություններ: Մենք ոչ մի հարձակում չենք գործել: Մեզ ահաբեկիչներ անվանելը ծիծաղելի է»,-ասել է ուսանողներից մեկը:

«Վերջին ժամանակներս, ցավոք, շատ հաճախ ենք հանդիպում «ահաբեկիչ» պիտակին: Բայց մենք ահաբեկիչներ չենք, ոչ միայն մենք, այլև բոլոր երիտասարդները  այս երկրի պայծառ վաղվա օրն ենք: Ներկայումս, երբ հասարակությունը բևեռացված է, և այլախոհները հայտարարվում են ահաբեկիչներ, ես՝ որպես երիտասարդության ներկայացուցիչ, չեմ կոտրվում նախագահ Էրդողանի այս խոսքերից: Ընդհակառակը, ես ևս մեկ անգամ համոզվել եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»,-ասել է մեկ այլ ուսանող:

«Մենք ահաբեկիչներ չենք, այլ ուսանողներ, որոնք օգտվում են բողոքելու իրենց ժողովրդավարական իրավունքից: Մենք ուսանողներ ենք, որոնք դեմ են իշխանությունների սխալ քաղաքականությանը, դեմ են նշանակված ռեկտոր-հսկիչին: Նախագահի խոսքերը միայն մեզ համար չեն նախատեսված: Երկրում այլախոհներն ամեն օր ենթարկվում են այս հարձակմանը: Եվ մենք, որպես Բոսֆորի համալսարանի ուսանողներ, ստացել ենք այս հարձակումների մեր բաժինը»,-նշել է մեկ ուրիշը:

Նախօրեին Թուրքիայում 104 մարդ է ձերբակալվել ուսանողների ակցիային մասնակցելու համար, նրանց թվում են ուսանողներ, իրավաբաններ և շարքային քաղաքացիներ: